Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ը համախմբման կոչ է անում


ՀԽ ակցիան Երևանում, 8-ը ապրիլի, 2015թ.

ՀԽ ակցիան Երևանում, 8-ը ապրիլի, 2015թ.

Այսօր Գյումրիում «Հիմնադիր խորհրդարան»-ը հանրահավաք անցկացրեց։

Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրադարան»-ի (ՀԽ) կազմակերպած հանրահավաքին մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում:

Գյումրիի ՀԽ գրասենյակի համակարգող Արամ Հակոբյանին զարմացրել էր` որտե՞ղ են թանկացումներից, անարդարությունից դժգոհողները։ «Երբ նայում ենք՝ յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր փողոցում, յուրաքանչյուր պատի տակ, բոլորը կանգնած սպասում են, հայհոյում են, ինչ-որ բաներ են ասում և սպասում են ինչ-որ հրաշքի։ Էդ հրաշքը մենք ենք, ժողովուրդ, իրար հետ, մենք ենք կատարելու այդ հրաշքը։ Պատի տակ նստելով, բամբասելով ոչինչ չի փոխվի այս երկրում, մենք ինքներս ենք տերը մեր երկրի և մենք պետք է փոխենք ամեն ինչը», - ասաց Հակոբյանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները գյումրեցիների առջև խոսեցին երկրում ստեղծված իրավիճակից՝ արտագաղթ, քաղբանտարկյալներ, անընդհատ թանկացումներ, այդ թվում` մի քանի օրից սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում:

Միակ ելքն իշխանափոխությունն է, համոզված են Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած կառույցում: Բայց, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Տիգրան Բերբուրյանի, նախ համախմբվել է պետք։

ՀԽ պատգամավոր Վարդան Հակոբյանը ներկայացրեց իշխանափոխության հասնելու ու դրանից հետո իրենց ծրագրերը, միայն թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից հետո այլևս կոնկրետ ժամկետներ չի նշում: Ըստ Վարդան Հակոբյանի, սկսվել է մի նոր գործընթաց` համախմբել քաղաքական ուժերին՝ բայց ոչ բոլոր։

«Առայժմ սկսում ենք մեր քաղբանտարկյալներին՝ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին և իր ընկերներին ազատելու գործը։ Այսօր, գոնե այդ ֆորմատի մեջ, մենք ունենք համագործակցություն քաղաքական այն ուժերի հետ, որոնք մեղսակից չեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Ուզում եմ տեղեկացնել, որ արդեն մնացած քաղաքական ուժերի, անհատների շրջանակների հետ «Հիմնադիր խորհրդարան»-ը սկսել է գործընթաց, որը մի օր բերելու է անպայման ավելի մեծ, լայն հարթակի և կոնսոլիդացման», - ասաց Հակոբյանը։

Հարցին՝ արդյոք այսօրվա հանրահավքին քիչ թվով մարդկանց մասնակցությունը չի՞ հիասթափեցնում իրենց, Հակոբյանը պատասխանեց. - «Դուք շատ լավ գիտեք, թե ինչ մեթոդաբանությունով են աշխատում այսօրվա իշխանությունները։ Այսօր հավաքվել էին այն մարդիկ, որոնց վրա չէր ազդել ճնշումները։ Բնակարան առ բնակարան իշխանությունները աշխատել են, որ այսօր այստեղ մարդ չլինի»։

Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիում անցկացրած վերջին հանրահավաքի ժամանակ դանակահարվեց կառույցի անդամ Հրաչիկ Միրզոյանը: Ըստ Վարդան Հակոբյանի, դա ևս այսօրվա հանրահավաքի սակավամարդության պատճառներից էր։

XS
SM
MD
LG