Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլ»-ում ծեծկռտուքի գործով երկու անձի մեղադրանք առաջադրվեց


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնականը «զուգադիպություն» է համարում այն, որ ճաղերի հետևում հայտնվածները մարզպետի որդու շրջապատից են։

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հարուցված քրեական գործով ձերբակալված 2 անձանց այսօր մեղադրանք է առաջադրվել։

Նրանցից մեկը Յուրա Մանուչարյանն է, մյուսը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին՝ Դերենիկ Հակոբյանը։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն նրանց մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու համար: Մանուչարյանի և Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությամբ պարզվել են մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, սակայն մանրամասներն առայժմ չեն հրապարակվում։ Միջոցներ են ձեռնարկվում՝ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու համար։

Սյունիքի մարզպետի հետ այսօր ևս զրուցել չհաջողվեց, իսկ նրա վարորդը՝ Արագած Ղևոնդյանը, ում որդին այսօր կալանավորվեց, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։

Մարզպետի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ դաժան ծեծի էին ենթարկվել Զաքարյան եղբայրները։ Մուշեղ Զաքարյանը ստացել է միջին, իսկ նրա եղբայր Հարութ Զաքարյանը՝ ծանր մարմնական վնասվածք։ Նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը և այժմ բուժվում է Ռուսաստանում։

Տուժած Զաքարյանների մայրը՝ Անահիտ Գալստյանը, այսօր «Ազատության» հետ զրույցում նոր մանրամասներ ներկայացրեց միջադեպից։ Նրա խոսքով՝ տեսողությունը կորցրած Հարութը երկար ժամանակ անգիտակից վիճակում մնացել է ծեծկռտուքի վայրում, իսկ եղբորը՝ Մուշեղին, մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը իր հետ տարել է առանձին տարածք, պահել է այնքան, մինչև ժամանել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Մայրը վստահեցնում է՝ այս ամենը տեղի է ունեցել իրավապահների աչքի առաջ, ավելին՝ ոստիկաններն անձամբ են հսկել տարածքը, որտեղ պահվել է Մուշեղը: Զաքարյանների համար անհասկանալի է, թե ինչու է մարզպետի որդին մինչև օրս քրեական գործում ընդամենը որպես վկա ներգրավված։

«Ինչո՞ւ որպես վկա, եթե ոչ կազմակերպիչ», - հարցնում է մայրը:

Սուրիկ Խաչատրյանի օգնական Վոլոդյա Հովհաննիսյանն անհիմն է համարում Զաքարյանների մեղադրանքները։ Այն որ ճաղերի հետևում հայտնվածները մարզպետի որդու շրջապատից են, Հովհաննիսյանի խոսքով, պարզապես զուգադիպություն է։

«Դա ոչ մի կապ չունի: Ես փաստում եմ, որ Տիգրան Խաչատրյանը պարզապես կապ չունի», - հայտարարեց նա:

Տուժած Զաքարյանների մայրը, մինչդեռ, զուգադիպություն չի համարում, ձերբակալված մյուս երիտասարդը, ըստ նրա, Սուրիկ Խաչատրյանի բարեկամներից է։ Անահիտ Գալստյանի խոսքով՝ ինքը, ամուսինը և որդիները մի քանի անգամ հարցաքննվել են ու իրենց ցուցմունքներում այսօր կալանավորված անձանց հետ մեկտեղ որպես ծեծկռտուքի մասնակից նշել են նաև մարզպետի որդու անունը։

«Երկու հոգին չեն եղել՝ 40-50-ից էլ ավելի են եղել», - պնդում է նա:

XS
SM
MD
LG