Մատչելիության հղումներ

Նուբարաշենի աղբավայրի արժեքավոր ճապոնական ծրագիրը հզորության մի մասով է աշխատում


Նուբարաշենի աղբավայրում ճապոնական «Շիմիզու» ընկերության կողմից վեց տարի առաջ ներդրված բիոգազի այրման 3 թանկարժեք մխոցներից 2-ը երբեք չեն գործարկվել:

Երևանի քաղաքապետարանին անհատույց տրամադրված 2.5 միլիոն դոլարանոց սարքավորումը, որը կարող էր աղբավայրի թունավոր արտանետումները 21 անգամ կրճատել, ընդամենը իր հզորության 1/3-րդ չափով է աշխատում:

Դեռ 15 տարի առաջ ճապոնացիները եկել են Հայաստան, տեսել աղբավայրերի սարսափեցնող վիճակն ու պատրաստակամություն հայտնել 8 միլիոն դոլարի ներդրում անել և աղբավայրից արտանետվող մեթան գազը այրելով էլեկտրաէներգիա ստանալ:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանն անձամբ մասնակցել է Երևանի քաղաքապետարանի և ճապոնացիների միջև տեղի ունեցած բանակցություններին։

«Երբ պայմանագրի կնքման ժամանակը եկավ, այնտեղ կոնկրետ «Շիմիզու» կազմակերպությունը և քաղաքապետարանը սկսեցին վիճարկել որոշ հարցեր՝ կապված ծրագրի նպատակահարմարության հետ։ Քաղաքապետարանը ինչ-որ ռիսկեր էր տեսնում, բայց ի՞նչ ռիսկի մասին կարող էր խոսք գնալ, եթե ճապոնացիները բոլորը ծախսերը վերցնում էին իրենց վրա՝ առանց բացառության», - հարցնում է նա:

Մինչև այժմ էլ Արամ Գաբրիելյանի համար անհասկանալի ու անընդունելի են քաղաքապետարանի մատնանշած ռիսկերը, և նա պնդում է, որ հայկական կողմը պարզապես շահագրգռված չէր այս չափազանց շահավետ ծրագրի իրականացման հարցում: Արդյունքում՝ քաղաքապետարանը ծրագրին հատկացրել է նախատեսվածից 5 անգամ պակաս տարածք՝ ընդամենը 8 հեկտար, ինչը բավարար չէր տեղադրված բոլոր 3 մխոցները գործարկելու և էլեկտրաէներգիա ստանալու համար:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բնապահպանական քաղաքականության խորհրդական Գեորգի Արզումանյանը տեղյակ է այս կիսատ մնացած ծրագրի մասին։

«Հայաստանի կառավարությունը և ճապոնական ընկերությունը չկարողացան վերջնական համաձայնության գալ։ Դա էներգիայի տարիֆների հետ կապված խնդիր էր, էներգոցանցերին մատակարարման խնդիր էր, էկոնոմիկայի նախարարությունը որոշակի խնդիրներ ուներ և այլն, և այլն», - ասում է նա:

Վերահսկիչ պալատը, Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի կառավարությանը քննադատելով ճապոնական ծրագիրը ձախողելու համար, իր 2013 թվականի հաշվետվության մեջ անդրադարձել էր էկոնոմիկայի նախարարության առաջ քաշած խնդիրներին և նշել. - «Նախարարությունը վերապահումներ է ունեցել ծրագրի իրականացման նպատակահարմարության առնչությամբ՝ պատճառաբանելով, որ ճապոնական ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա Նուբարաշենի աղբավայրում, որը կսահմանափակի աղբահանություն իրականացնող այլ օպերատորների ներգրավման հնարավորությունը»։

Մինչդեռ ճապոնացիները պնդել էին, որ իրենք մենաշնորհի չեն ձգտում և հետաքրքրված են միայն բնապահպանական ծրագրով, որի միջոցով Հայաստանը այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման հնարավորություն կունենա։ Ընդգծենք, որ հայ - ճապոնական ծրագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայից ստացված եկամուտը ևս պետք է տնօրիներ հայկական կողմը, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը։

Բնապահպանության նախարարությունը, որ բանակցությունների ընթացքում եղել է հայկական կողմի լիազորված մարմինը, կիսատ մնացած ծրագրի և միլիոնավոր դոլարների ներդրումը կասեցնելու պատճառների մասին լռում է։ Նախարար Արամայիս Գրիգորյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ «դա իմ օրոք չի եղել, եկեք ես այդ հարցին չպատասխանեմ»։

Քաղաքապետարանի կոմունալ վարչության աղբահանության բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը հերքում է հայկական կողմի մեղքն ու պնդում, որ միլիոնավոր դոլարներ ներդրած և աղբավայրերի վերամշակման ոլորտում մեծ փորձ ունեցող ճապոնացիներն են սխալվել իրենց հաշվարկներում. - «Ճապոնացիներն էլ իրենց հաշվարկների մեջ սխալվելու, շփոթվելու իրավունք ունեն»։

Նշենք, որ «Շիմիզու» կորպորացիան մինչև 2023 թվականը կֆինանսավորի կայանի պահպանման և շահագործման ծախսերը։ Դրա համար նախատեսում է ծախսել ևս 5.5 միլիոն դոլար։ Ճապոնական ընկերության հաշվին կշարունակի աշխատավարձ ստանալ 6 մարդ, ովքեր հետևում են աշխատանքներին։

2009 թվականից մինչ այսօր, ՄԱԿ-ի տվյալներով, Նուբարաշենում բիոգազի այրման միջոցով ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են ավելի քան 100 հազար տոննայով: Ծրագրի ամբողջական իրականացման դեպքում այս թիվը կեռապատկվեր։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը համոզված է, որ այսօր էլ հնարավոր է Նուբարաշենում իրագործել էլեկտրաէներգիայի ստացման ծրագիրը, սակայն հայկական կողմից գոնե առայժմ ընդառաջ չեն գնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG