Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլ»-ում Զաքարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար երկու անձի մեղադրանք առաջադրվեց


Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Մուշեղ Զաքարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Յուրիկ Մանուչարյանին և Դերենիկ Հակոբյանին, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ պարզվել են մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ «Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Յուրի Մանուչարյանի և Դերենիկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

«Միջոցներ են ձեռնարկվում՝ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու համար։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ միջադեպին ներկա գտնված անձանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG