Մատչելիության հղումներ

Կոմիտաս 5-ի բնակիչները պնդում են, թե քաղաքապետը խաբել է իրենց


Կոմիտաս 5-ի բնակիչները պնդում են, թե քաղաքապետը խաբել է իրենց
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

«Էլ խաբելը ո՞նց ա լինում․․․ Հիմա եկել է հասել է մեր շենքի բարձրության մեկուկես բարձրությանը», - ասում են բնակիչները:

Կոմիտաս 5 շենքի բնակիչները այսօր հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանից բացատրություն պահանջելու, թե ինչու չկատարեց խոստումը։

Տևական պայքարից հետո բնակիչները, ի վերջո, թույլ էին տվել, որ իրենց շենքի առջև կառուցվի յոթ հարկանի բնակելի, այժմ, սակայն, նորակառույցի վրա բարձրանում է արդեն ութերորդ հարկը՝ արևից, լույսից վերջնականապես զրկելով հարևան շենքերը։

«Էլ խաբելը ո՞նց ա լինում․․․ Հիմա եկել է հասել է մեր շենքի բարձրության մեկուկես բարձրությանը, դեռ նորից փող են տալիս, նորից ավելացնում են հարկերը», - ասաց բնակիչներից Գալյա Ուստյանը։

Հավաքվածներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ ծրագրերի բաժնի աշխատակից Արբակ Վարդանյանը: Նրա հավաստիացումները, թե լրացուցիչ հարկը տեխնիկական է, ավելի զայրացրին բնակիչներին:

«Շենքը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ունի յոթ բնակելի հարկ, որը որ պահպանվում է։ Լրացուցիչ տեխնիկական հարկ է կառուցվում շենքի վրա՝ կաթսայատուն, շենքը սպասարկող աստիճանավանդակ։ Որ շենքի բնակիչները որ բողոքը բարձրացնում են, գտնվում է կառուցվող շենքից մոտ 24 մետր հեռավորության վրա», - ասաց Վարդանյանը։

Բնակիչներից Շուշան Թերզյանն էլ հակադարձեց. - «Պատճառ են բռնում, որպեսզի շենքը բարձրացնեն։ Իսկ ինչքանո՞վ համոզված լինենք, որ 28 մետրը սարքելուց հետո, նոր թույլտվություն չի լինի՝ դառնա 30, հետո՝ 32...»։

Ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի գնահատմամբ՝ Տարոն Մարգարյանը խաբել է բնակիչներին, որպեսզի մեղմի բողոքի ալիքը․ - «Ինչո՞ւ եք մարդկանց այդ աստիճանի լարում ձեր դեմ, ի՞նչ եք ուզում դրանով ասել. ուզում եք ասել՝ «մենք ինչ ուզում ենք՝ կանե՞նք»։ Որովհետև ես լավ հիշում եմ՝ քաղաքապետը անցյալ անգամ ինչ ջերմեռանդ ասում էր՝ այո, ժողովուրդը մինչև համաձայն չլինի, չեմ տալու շինթույլտվություն: Անցնում է մի ժամանակ, մեկ էլ տեսնում ես՝ տվեց: Պարոն Մարգարյան, չի՛ կարելի, Դուք ընտրված են բոլոր երևանցիների կողմից․․․ Սրա անունը սուտասանությունից բացի ուրիշ բան չի կարող լինել»:

Անահիտ Բախշյանն ասում է՝ քաղաքապետից նաև գրավոր հավաստիացումներ է ստացել, որ շենքի բարձրությունը չի գերազանցելու 24 մետրը։

«Իսկապես, ցավում եմ Ձեզ համար, բայց Դուք հաջորդ ընտրություններին ոչ մի բակ չեք կարողանալու գնալ ու ասել՝ «ժողովուրդ, ես իմ ծրագիրը կատարել եմ». ամեն տեղ այսպիսի դեպքերում՝ հողի սեփականաշնորհում, այգի և այլն, խորապես տապալվել եք», - ասաց Բախշյանը։

Երկու տարի առաջ ամռանը սկիզբ առած պայքարը ուղեկցվեց ոստիկանական բռնություններով, բնակիչները վարչական պատասխանատվության ենթարկվեցին, իրավապաշտպան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի դեմ նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Այսօր Կոմիտաս 5 հասցեում արդեն վեր են խոյանում շենքի յոթ հարկերը։

«Մեր շենքի մեկսենյականոցները միայն այդ կողմի վրա մուտք ունեն՝ արևի լույսն այդտեղից են ստանում, ինչպե՞ս կարող է 28 մետրանոց շենքը երկրորդ հարկին չխանգարի, որտեղ որ ես եմ ապրում», - ասաց բնակիչներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG