Մատչելիության հղումներ

Նախանշվեցին ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրության ժամկետները


Շվեյցարիա - ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը լքում է ամբիոնը իր հրաժարականի մասին հայտարարելուց հետո, Ցյուրիխ, 2-ը հունիսի, 2015թ․
Շվեյցարիա - ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը լքում է ամբիոնը իր հրաժարականի մասին հայտարարելուց հետո, Ցյուրիխ, 2-ը հունիսի, 2015թ․

Զեպ Բլատերը կազմակերպությունը կղեկավարի ևս առնվազն կես տարի:

ՖԻՖԱ-ի գործադիր մարմինը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունը կանցկացվի գալիք դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածում: Կոնկրետ օրը կորոշվի հուլիսի 20-ին Ցյուրիխում կայանալիք գործադիր հանձնաժողովի նիստում:

Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունում տիրող իրավիճակին անհապաղ արձագանքեց նաև Եվրախորհրդարանը: Նույն օրն ընդունված 8-էջանոց բանաձևում Եվրախորհրդարանը ողջունում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին Զեպ Բլատերի որոշումը, բայց միաժամանակ խորը մտահոգություն է հայտնում, որ նա դեռ 9 ամիս կմնա այդ պաշտոնում՝ մինչև նոր նախագահի ընտրությունը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը գտնում է, որ Բլատերի անհապաղ չհեռանալը կարող է արգելափակել ՖԻՖԱ-ն կոռուպցիայից ազատելու ջանքերը:

Եվրախորհրդարանի բանաձևերն իրավական ուժ չունեն, բայց Եվրոպայում կառավարությունների և հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն են թողնում:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալների ֆոնին վերընտրված Բլատերը ասաց, թե հրաժարական է տալու, նոր արտահերթ համագումար կհրավիրվի, որտեղ ինքն այլևս չի առաջադրվի, կընտրվի նոր ղեկավար:

Իսկ երեկ, փաստորեն, նախանշվեցին ժամկետները՝ դեկտեմբերից փետրվար ժամանակահատվածում:

ՖԻՖԱ-ի նոր նախագահի թեկնածուների ցանկը բացեց բրազիլացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Զիկոն: Նա մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է:

Անսպասելիորեն հրաժարական է տվել ՖԻՖԱ-ի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա: Նրա դեմ կոռուպցիոն մեղադրանքներ չկան, մամուլը պնդում է, որ հանրային կապերի դեպարտամենտի տնօրենը հրաժարական է տվել ՖԻՖԱ-ի ղեկավարների հասցեին հեռուստաեթերում կատակելու պատճառով:

Ծագումով իտալացի, Շվեյցարիայի քաղաքացի Վալտեր դի Գրիգորիոն 2011 թվականից ՖԻՖԱ-ի հանրային կապերի պատասխանատուն է, 4 տարվա ընթացքում հայտնի դեմքերից մեկն է դարձել՝ մասնակցելով հանրային տարբեր քննարկումների, հեռուստաբանավեճերի: Նա ՖԻՖԱ-ի փաստացի խոսնակն է ու հատկապես վերջին սկանդալային ձերբակալությունների, կոռուպցիոն մեղադրանքների հարցերով պարզաբանումներ տվող, մամուլի հետ շփվող առաջին դեմքն էր:

Նրա հրաժարականի մասին ՖԻՖԱ-ն հաղորդագրություն է տարածել, բայց չի նշել հրաժարականի պատճառը: ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վոլքեն ասել է․ - «Վալտերը 4 տարի ծանր աշխատել է, և մենք երախտապարտ ենք նրան ամեն ինչի համար»:

Սակայն Reuters-ը նշում է, որ դի Գրիգորիոյի հրաժարականը տեղի է ունեցել շվեյցարական հեռուստատեսության եթերում կատակելուց հետո: Հաղորդման վերջում նրան խնդրել են անեկդոտ պատմել, և իտալացին պատմել է․ - «Ուրեմն, ՖԻՖԱ-ի նախագահը, գլխավոր քարտուղարը և մամուլի հարցերով տնօրենը մեքենա են նստում: Հարցում են՝ բայց ո՞վ է ղեկի մոտ նստելու: Պատասխան՝ ոստիկանությունը»:

Այս անեկդոտին հաջորդեց պատմողի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG