Մատչելիության հղումներ

Հոսանքի անգամ մեկ դրամի թանկացումն արդարացված չէ․ Մինասյան


Արծվիկ Մինասյան, արխիվ

Արծվիկ Մինասյան, արխիվ

ՀՅԴ պատգամավորի խոսքով, մենաշնորհային դիրք ունեցողների մասով պետական քաղաքականությունը պետք է փոխվի:

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ են էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով տվյալ թեմային՝ ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդեց, որ մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների մասով քաղաքականությունը պետք է փոփոխվի, քանի որ «այդպես հնարավոր չէ շարժվել առաջ»: Խոսելով իրենց ակնկալիքների մասին՝ Մինասյանն ասաց, որ ցանկանում են ստանալ մի քանի հարցերի պատասխաններ:

«Առաջին ակնկալիքն այն է, որ մենք առհասարակ համակարգի վիճակի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն կարող ենք ստանալ: Երկրորդը՝ էն հարցադրումները, որ կհնչեն հարցուպատասխանի ժամանակ, հնարավոր կլինի նաև հանրությանը տեղեկացնել, թե ինչ է կատարվում, և էն կասկածները ու էն համոզմունքը, որ ձևավորվել է հանրության և մասնագիտական շրջանակներում, նաև դրանց վերաբերյալ պատասխաններ հնչեցվեն: Ինչպես նաև՝ մեր պնդումները, որ համակարգը քանի դեռ անկախ միջազգային փորձաքննության չի ենթարկվել, անկախ աուդիտի չի ենթարկվել՝ տեխնիկական, տեխնոլոգիական, ֆինանսական, տնտեսական մասերով, մենք չենք կարող խոսել որևէ բարձրացման մասին: Եվ բացի դա, մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների նկատմամբ պետք է կիրառելի լինեն բոլոր այն նորմերը, որոնք մենք պահանջում ենք պետական մարմինների համար», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Մինասյանը նշեց, որ իր կարծիքով՝ սակագնի ոչ 17, ոչ էլ 7 դրամով բարձրացումը այս պահին արդարացված չէ․ - «Միանշանակ արդարացված չեն, 1 դրամն անգամ արդարացված չէ, որովհետև դա բերում է բացասական այնպիսի դրսևորումների, որը թե՛ երկրի տնտեսությունը, թե՛ քաղաքացիների կենսամակարդակը կտրուկ նվազեցնում է, իսկ դա նշանակում է, որ մեր տնտեսությունը կարող է վերջնականապես գահավիժել»:

«Մենք գործ պետք է ունենանք ոչ թե այս կամ այն մասնավոր սուբյեկտի ներկայացուցչի հետ առաջին հերթին, նախ մենք ինքներս մեր կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ գործ ունենք, որովհետև պառլամենտը պետք է քննարկի ըստ էության վարվող պետական քաղաքականությունը, և այդ համատեքստում նոր պահանջներ պետք է դրվեն», - շեշտեց պատգամավորը:

Իսկ մասնավոր սուբյեկտի ներկայացուցիչները, ըստ Մինասյանի, այդ քննարկումների ժամանակ «անհրաժեշտ են այնքանով, որպեսզի տեղեկատվություն փոխանակվի»:

XS
SM
MD
LG