Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետը խոստովանում է՝ վարձակալած հողերից շահույթ է ստանում


ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյան, արխիվ

ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը հաստատում է, որ մի քանի համայնքներում հողեր է վարձակալում՝ եկամուտ ստանալու համար:

Լրագրողների հետ հանդիպմանը Հարությունյանը պնդեց՝ տարածքները վարձակալում է դեռ 1997 թվականից, երբ դրանք պետության պահուստային ֆոնդի մեջ էին մտնում, իսկ 2005-ին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո իր գործընկերներն են կառավարել դրանք:

«Նրանք այդ իրավունքը ունեն, իմ կողմից տրված է, կառավարվում է նրանց կողմից, ստանում եմ ամեն տարի շահույթ, չեմ թաքցնում, շահույթի մի մասը ուղղում եմ իմ ընտանիքին, մեծ մասը այլ ծրագրերին: Մի մասը մնում է, իհարկե, հետագա ներդրումները իրականացնելու համար», - ասաց Ղարաբաղի վարչապետը։

2014 թվականին ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ վարչապետն անցած տարում ավելի քան 107 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, սակայն հայտնի չէ՝ այդ գումարի որ մասն է Հարությունյանը ստացել հողատարածքների վարձակալությունից:

Հարությունյանի կարողությունների ու, մասնավորապես, վարձակալած հողատարածքների հարցը քննարկման թեմա դարձավ, երբ ընդդիմադիր Հայկ Խանումյանը խորհրդարանում հարց բարձրացրեց՝ գյուղացին ինչպե՞ս կարող է իր տնտեսությունը զարգացնել, երբ, օրինակ, Ուղտասարում տասնյակ հեկտար տարածքներ վարձակալության են տրված վարչապետին: Ի պատասխան Արայիկ Հարությունյանը պնդել էր՝ ինքը Ուղտասարում համայնքային հողեր չի վարձակալում, իր ունեցածը պահուստային ֆոնդի հողերն են:

«Իմ և իմ ընտանիքի կողմից չկա վարձակալված հող՝ այդ տարածքում: Եթե կան մարդիկ, որոնք վարձակալել են, վարձակալել են մեր օրենսդրության պահանջներին համապատասխան, պահուստային հողերից, աճուրդային եղանակով, և նրանց արգելված չէ հող մշակել»,- հայտարարել էր վարչապետը:

Այնուհետև Խանումյանը հրապարակեց համայնքի ղեկավարի գրությունը, որտեղ արձանագրված է՝ իրականում Հարությունյանը վարձակալում է համայնքային նշանակության հողեր՝ ավելի քան 135 հեկտար: Այս գրության հրապարակումից հետո արդեն վարչապետ Հարությունյանն ասաց, թե չի իմացել՝ երբ ու ինչ հանգամանքներում են 2010-ին, իր իսկ ղեկավարած կառավարության որոշմամբ, պահուստային հողերն անհատույց կերպով Ուղտասար համայնքին հանձնվել: Նա նույնիսկ խոստացավ այս հարցով ծառայողական քննություն անցկացնել:

«Արդեն ծառայողական քննություն եմ անցկացնելու, ինչո՞ւ, ինչո՞ւ են անում դա, դա էլ բացատրեմ․ տարբեր պաշտոնյաներ շահագրգռված են արհեստականորեն համայնքի բյուջեի եկամուտը ավելացնելու, որ վարձավճարը վճարվի համայնքի բյուջե, ոչ թե պետական պահուստային», - ասաց նա։

Պատգամավոր Հայկ Խանումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վարչապետի կողմից հողերի վարձակալման, ապա դրանք կառավարման հանձնելու մեջ որևէ օրինախախտում չկա։ Սակայն ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ համայնքային հողերը առաջնահերթ պետք է տրվեն համայնքի բնակիչներին, ու խոշոր հողատերերի կողմից այս հողերի երկարաժամկետ վարձակալությունը պետք է բացառվի:

«Համայնքը հաճախ ունենում է ընդլայնվելու կարողություն, հաճախ գյուղացիները ցանկանում են ավելորդ հողատարածք վարձակալել իրենց եկամուտները ավելացնելու համար, սակայն հանդիպում են խոշոր հողատերերի կողմից երկարաժամկետ վարձակալության պայմանագրերի, ինչը թույլ չի տալիս համայնքային հողերը համայնքի բնակիչների միջև ավելի արդյունավետ բաժանել», - ասաց Խանումյանը:

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ սակավաջուր տարիներին փոքր հողատերերը տուժում են, քանի որ ջուրն առաջին հերթին բաշխվում է խոշորներին։ Վարչապետը, մինչդեռ, քննադատությունը չի ընդունում, հակադարձում է՝ հողերի վարձակալությամբ հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG