Մատչելիության հղումներ

«Գլենդեյլ հիլզի» ձախողումների պատճառով ախուրյանցի անօթևանների բնակարանամուտը հետաձգվում է 1-2 տարով


«Գլենդեյլ հիլզի» ձախողումների պատճառով ախուրյանցի անօթևանների բնակարանամուտը հետաձգվում է 1-2 տարով
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

«Գլենդեյլ հիլզ» ընկերությունը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում արդեն 5 տարի շարունակ կառուցում է 3 շենք՝ 104 բնակարանով:

«Գլենդեյլ հիլզ» ընկերությունը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում արդեն 5 տարի շարունակ կառուցում է 3 շենք՝ 104 բնակարանով: Ախուրյանցի անօթևանները պարզվում է դեռ 1-2 տարի սպասելու են շենքի կառուցմանը:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասում է, որ 3 շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար լրացուցիչ գումար հատկացնելու հարց է առաջ եկել:

«Անհրաժեշտ կլինի մոտ 1.5 միլիոն դոլար՝ մոտ 700 միլիոն դրամ ևս անհրաժեշտ կլինի, որպեսզի այդ շենքերը ավարտվեն: Ախուրյանի մասով գումարի մի մասը այս տարի կլինի, հնարավոր է, որ ամբողջապես լինի: Այսինքն, մենք դեռ որոշ հարցեր ունենք Կառավարությունում քննարկելու, բայց որ այդ խնդիրը կլուծենք այս տարի կամ ծայրահեղ դեպքում մինչև 2016 թվականի առաջին կեսը՝ դա կարող եմ արդեն շատ որոշակի ասել», - ասաց նախարարը:

Ո՞վ է տալու այդ գումարները՝ Կառավարությո՞ւնը, թե՞ «Գլենդեյլ հիլզը»․ Նարեկ Սարգսյանը պատասխանում է․ - «Ախուրյանի շինարարության համար «Գլենդեյլ հիլզին» գումարները փոխանցվել են: Չեմ կարող ասել՝ ամբողջությամբ, թե ոչ, բայց որ «Գլենդեյլը» պարտավորություններ ունի ու դեռ չի կատարել... «Գլենդեյլ հիլզը» ունի Երևանում ակտիվներ, որոնք կան, և այդ ակտիվների վաճառքից պետք է այդ գումարը ձևավորվի: Եթե այդ խնդիրները մենք կարողանում ենք արագ լուծել՝ ակտիվների վաճառքի հետ կապված, կանենք: Եթե ոչ՝ ապա Կառավարությունն ինքը կմիջամտի այդ խնդրին»:

Քաղաքաշինության նախարարությունը բնակարանաշինության պատվիրատուն է, այսինքն ստացվում է՝ պատվիրատուն տեղյակ չէ` գումարը շինկազմակերպությանն ամբողջությամբ փոխանցվա՞ծ է, թե՞ ոչ: Նախարարի պատասխանից մի բան ակնհայտ դարձավ, որ «Գլենդեյլ հիլզի» հետ այլևս չեն ցանկանում շարունակել շինարարություն իրականացնել:

«Երբ այս նոր կառավարությունը ձևավորվեց՝ վերջին 1 տարին, մենք ասացինք, որ շինարարությունը շարունակել և անընդհատ այսպիսի խնդիրների առաջ կանգնել պետք չէ, որովհետև նախ ժամկետի երկարացում, որակի հետ կապված խնդիրներ և գումարած՝ մարդիկ այդքան պետք է սպասեն: Ավելի դյուրին է, որպեսզի այդ գումարը տրվի մարդկանց, և այդքան էլ բնակարանային ֆոնդ է ձևավորվել Գյումրիում: Ես համոզված եմ, որ ազատ բնակարաններ շատ կան», - ասում է նախարարը:

«Գլենդեյլ հիլզ» ընկերությունից դեռ մարտ ամսին, բանավոր պատասխանելով «Ազատության» հարցմանը, թե Ախուրյանում ե՞րբ է սկսվել շինարարությունը, ասել էին՝ այս տարվա առաջին կիսամյակում: Սակայն առայսօր շինարարությունը չի մեկնարկել: Այդ նույն շինկազմակերպությունը, որին վստահվել էր աղետի գոտու ողջ բնակարանաշինությունը, անընդմեջ ձախողում է բնակարանաշինական ծրագրերը՝ խախտելով պայմանագրային պարտավորությունները:

Գյումրիում «Գլենդեյլ հիլզի» կողմից կառուցված բնակարաններում շարունակում են ի հայտ գալ աղաղակող թերություններ: Ու քանի որ երաշխիքային սպասարկման ժամկետը վաղուց լրացել է, թերությունների վերացումը մնացել է բնակիչների ուսերին:

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում «Գլենդեյլ հիլզն» այդպես էլ չսկսեց անհատական բնակարանաշինական ծրագիրը: Կառավարությունը այլ տարբերակ է գտել՝ հաջորդ տարի գյուղական բնակավայրերի անօթևաններին գումար կհատկացնի, որ վերջիններս բնակարան գնեն: Գյումրիում ևս Կառավարությունը հրաժարվեց շարունակել բնակարանաշինությունը, նախընտրելով ավելի էժան ու այսպես ասած գլխացավանքներից հեռու տարբերակը՝ 430 անօթևան ընտանիքներին տրամադրելով բնակարանների գնման վկայագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG