Մատչելիության հղումներ

Պետական ծառայողներին բնակարաններ են նվիրում «հայեցողական որոշումների» արդյունքում


Կառավարությունն այս շաբաթ որոշեց ևս մեկ բնակարան անհատույց սեփականության իրավունքով հատկացնել պետական ծառայողի՝ այս անգամ քննիչ Նիկոլայ Բարսեղյանին։

Անցյալ տարի Կառավարությունը մոտ 755 միլիոն դրամ տրամադրեց Ոստիկանության, Ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության, Պետական պահպանության ծառայության, Դատախազության և Ֆինանսների նախարարության մի շարք պաշտոնյաների համար բնակարաններ գնելուն:

Պետական բյուջեից հատկացված հենց այս՝ ավելի քան 1.5 միլիոն դոլարից է 30 հազար դոլարով բնակարան գնվել Ծաղկաձորում և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի միջնորդությամբ հատկացվել քննիչին՝ բարեխիղճ, անաչառ ու արդյունավետ աշխատանքի համար։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ծանոթանալով Կառավարության հիմնավորմանը, ասում է՝ ծառայության պետը հայեցողական որոշում է կայացրել։

«Այսինքն՝ հստակ չափորոշիչներ չկան սահմանված, և դա հայեցողական որոշում է, այսինքն՝ նույն կարգով ՀՔԾ-ի պետը կարող էր հիմնավորել այլ քննիչի աշխատանքը և միջնորդեր, որ բնակարանը տրամադրեին իրեն»,- ասաց Զադոյանը։

Պարգևատրված քննիչն աշխատում է Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում։ Ուշագրավ է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանի մասին վերջին զեկույցում հատուկ ուշադրություն էր հրավիրել Ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից իրականացված խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի վրա, որոնց վերաբերյալ, ըստ եվրոպացի օմբուդսմենի, Հատուկ քննչական ծառայությունը բավարար ապացույցներ չի հավաքում։

ՀՔԾ-ից դեռևս չեն պատասխանել մեր հարցին, թե ինչո՞ւ է հատկապես քննիչ Բարսեղյանին տրամադրվել բնակարան, այն էլ հանգստյան գոտի Ծաղկաձորում՝ չնայած նա աշխատում է մայրաքաղաքում։

Պետությունը չափորոշիչներ չի ներկայացնում, նկատում է իրավաբան Կարեն Զադոյանը, ավելացնելով, որ այսպես անհնար է խուսափել կոռուպցիոն ռիսկերից.- «Եթե պետությունը լուրջ գումար է հատկացնում, պետք է չափորոշիչներ սահմանի։ Տարբեր գերատեսչություններին ուղղված մեր տարբեր հարցումների պատասխանները զավեշտալի են, որտեղ որևէ հիմնավորումներ չկան, թե ինչպես են տվել այդ բնակարանները»։

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանն ավելացնում է.- «Ոչ մի տրամաբանական բան չկա։ Ինչո՞ւ պիտի Կառավարությունը հաշվետու լինի, նա ինչի՞ համար է հաշվետու, որ հիմա հաշվետու լինի»։

1.5 միլիոն դոլարով մի քանի տասնյակ պետական աշխատողների համար բնակարաններ ձեռք բերած Կառավարությունը նշել էր, որ այս ծրագրով ցանկանում է բարելավել աշխատողների բնակարանային պայմանները, ինչից հետո «Հետք» պարբերականը գրեց՝ բնակարան ստացած գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը տուն է հայտարարագրել։

«Երբ դու հրապարակում ես, ինչ-որ բաներ ես բացահայտում, նորմալ երկրներում գոնե հրաժարական կլինի, չհաշված քրեական գործերը... Հայաստանում ոչինչ տեղի չի ունենում, ինչ ուզում ես հրապարակի»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը։

Կոռուպցիոն ու պետական ունեցվածքը քամուն տալու ռիսկերից բացի՝ Էդիկ Բաղդասարյանին առավել հուզում է մեկ այլ հարց. ինչո՞ւ պահուստային միջոցներից բնակարաններ ձեռք բերած Կառավարությունը տներ է հատկացնում աշխատանքով ապահովված հարկային մարմինների աշխատողներին կամ դատախազներին և ոչ թե ավելի քան 25 տարի սեփական տանիք չունեցող աղետի գոտու բնակիչներին։

«Ես իմ տված հարկերից որևէ մեկին չեմ լիազորել, որ բնակարան գնի իրավապահ մարմինների աշխատակիցների համար։ Եթե ինձ հարցնեն՝ ո՞ւր կուզեիք, որ ձեր հարկերը գնային, կասեի՝ աղետի գոտի կամ բազմազավակ ընտանիքներ, կամ երիտասարդ ընտանիքներ, որոնք երբեք հույս չունեն, որ կարող են բնակարան ունենալ»,- ասում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG