Մատչելիության հղումներ

Պատրիկ Հիքքի․ «Մենք քաղաքական կազմակերպություն չենք»


Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահը «անիմաստ» է որակում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերը:

Տասնյակ քաղբանտարկյալների առկայության ֆոնին Բաքվում վաղը կմեկնարկեն առաջին Եվրոպական խաղերը: Ալիևի վարչակազմը պետական բյուջեից միջոցները չխնայելով երկուևկես տարվա ընթացքում նոր մարզադաշտեր ու այլ ենթակառուցվածքներ կառուցեց՝ զուգահեռաբար ազատվելով անկախ լրագրողներից ու ընդդիմադիր ակտիվիստներից:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են՝ Ալիևը կրկնում է նույն սցենարը, ինչ Եվրատեսիլից առաջ էր: Բազմաթիվ հեղինակավոր իրավապաշտպաններ, եվրոպացի քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, քաղաքացիական ակտիվիստներ նշում են, որ այս անգամ Եվրոպական օլիմպիական կոմիտեն պետք է օգտագործի իր լծակները՝ ճնշելու Ալիևին, որպեսզի վերջինս ազատ արձակի քաղբանտարկյալներին:

Կոմիտեի նախագահը, սակայն, այսօր Բաքվում, ի պատասխան հարյուրավոր կոչերի, հայտարարեց, թե նման կոչերը «չեն աշխատում»։ «Մենք մեզնից կախվածն արել ենք, որպեսզի փորձենք պատասխան գտնել այդ հարցերին, սակայն թույլ տվեք նշել, որ մենք չենք կարող թելադրել ինքնիշխան պետությանը, թե ինչպես լուծի իր հարցերը: Մենք քաղաքական կազմակերպություն չենք, մենք մարզական կազմակերպություն ենք: Մենք չունենք այն մանդատը, որը թույլ կտա մեզ ինքնիշխան պետությանը ասել՝ ինչ անել և ինչ չանել», - լրագրողներին այսօր ասել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքքին:

Հիքքին չթաքցրեց, որ հիացած է Ադրբեջանի նախագահի ընտանիքով, բարձր գնահատեց երկրի իշխանությունների կողմից կատարված աշխատանքը: Առանձին շնորհակալական խոսքեր հղեց Ադրբեջանի առաջին տիկնոջը, ով, ի դեպ, Եվրոպական խաղերի կազմկոմիտեի նախագահն է:

Մարզական փորձագետները մտավախություններ ունեն, որ Եվրոպական խաղերը կարող են լինել առաջինն ու վերջինը: Նիդերլանդները, ըստ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, հրաժարվել է 2019-ին հյուրընկալել երկրորդ Եվրոպական խաղերը՝ հայտարարելով, թե հարկ չի համարում միլիոնավոր դոլարներ ծախսել այդ նպատակով:

Այս լուրը հիասթափեցրել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահին: Պատրիկ Հիքքին, այդուհանդերձ, հայտարարել է, որ որևէ խնդիր չի տեսնում․ - «Վստահ եմ, որ Բաքվի խաղերը կդառնան Եվրոպական խաղերի լավագույն գովազդը»:

XS
SM
MD
LG