Մատչելիության հղումներ

«Սակագնի բարձրացումը հարկադրված միջոց է». Բիբինը քննադատել է Հայաստանի իշխանություններին


«Մի բան հաստատակամ ուզում եմ ասել և ամենայն պատասխանատվությամբ․ այդ շքեղության որևէ էլեմենտ մեր սակագներում իր արտացոլումը չի գտնի», - անցած շաբաթ խոսելով հոսանքի թանկացման մասին՝ ասել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Չնայած Նազարյանի այս խոստումներին, ՀԷՑ-ը առաջիկա տարիներին ևս կշարունակի սպառողների հաշվին վարձակալել թանկարժեք մեքենաներ, գրասենյակային տարածքներ, ընկերության աշխատակիցները կօգտվեն հեռախոսակապից, կմեկնեն գործուղման, կվերապատրաստվեն։

Այսպես, օրինակ, եթե խոսենք թվերի լեզվով, Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը, կատարած որոշակի կրճատումներով հանդերձ, ՀԷՑ-ի տնօրինությանն ու աշխատակիցներին թույլատրում է երթևեկել Range Rover, Lexus, Prado և այլ թանկարժեք մեքենաներով՝ տարեկան 51 միլիոն դրամի չափով։

Բջջային, ֆիքսված և միջքաղաքային հեռախոսներից կօգտվեն տարեկան 87 միլիոն դրամի։ Երևանից մարզեր և դեպի Մոսկվա գործուղման համար ՀԷՑ-ը սակագնի հաշվին կարող է ծախսել 94 միլիոն դրամ, իսկ տարածքների վարձակալության համար՝ 250 միլիոն դրամ։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, Ռոբերտ Նազարյանը կատարել է խոստումը: Սպառողների հաշվին տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամի այս ծախսերն, ըստ նրա, շռայլություն չեն․ - «Հնարավորինս, այն բոլոր ուռճացումները, որ ներկայացվել էին սկզբում, դրանք հանվել են»:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի համար փոքր-ինչ զարմանալի են այս հիմնավորումները: Նրա խոսքով, ռուսական ընկերության տարիների կուտակած պարտքը ձևավորվել է նաև հենց այս ծախսերի արդյունքում, և սակագնի բարձրացումը լուծում չէ։ Տնտեսագետի համար անընդունելի է նաև ՀԷՑ-ի աշխատակիցների քանակը, որոնք սակագնի հաշվին տարեկան 22 միլիարդ դրամի աշխատավարձ են ստանում։

«Միջազգային պրակտիկայի թվերից ելնելով՝ մենք կարող ենք ասել, որ 4 անգամ այսօր գերազանցում է աշխատողների թիվը: Սակագինը եթե մենք չփոխենք, կտեսնենք, որ ՀԷՑ-ի աշխատողների թիվը 7 հազար 800 հոգուց կրճատվում է 6 հազար, 5 հազար, հետո՝ 4 հազար, հետո կրճատվում, դառնում է օպտիմալ 2 հազար - 2 հազար 200 հոգանոց աշխատակազմ», - ասաց Գևորգյանը:

Ըստ պաշտոնական տվյալների, ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի կորուստը տարեկան ավելի քան 11 տոկոս է կազմում։ Հայկ Գևորգյանը վստահեցնում է՝ կորուստների այս ցուցանիշով սակագնի բարձրացման հարցն ամեն տարի կդրվի հանձնաժողովի սեղանին։

«Այս պահին ՀԷՑ-ի կորուստները կազմում են ավելի քան 12 տոկոս, դա կազմում է տարեկան մոտ 700 միլիոն կիլովատտ/ժամ: Դա ավելին է, քան արտադրում է Որոտանի ՀԷԿ-երի կասկադը: Ստացվում է, որ մի ամբողջ հզոր էլեկտրակայան աշխատում է միայն կորուստները փակելու ուղղությամբ: Էդ կորուստների հիմնական մասը այն էլեկտրիկն է, որ զանգահարում է ձեր տուն ու ասում է՝ ուզո՞ւմ եք ձեր հաշվիչը հետ պտտացնեմ», - նշեց Հայկ Գևորգյանը:

Վերջին մի քանի տարիներին ՀԷՑ-ը արդեն 3 անգամ թանկացրել է էլեկտրաէներգիան ու չնայած դրան՝ կուտակել ավելի քան 109 միլիարդ դրամի պարտք։

«Արմինֆո» լրատվականին տված հարցազրույցում ռուսական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, քննադատելով հայաստանյան իշխանություններին, պնդել է․ - «Սակագնի բարձրացումը այսօր հարկադրված միջոց է: Այսպիսի լուրջ աճից կարելի էր խուսափել, եթե պետությունը ժամանակին ընդուներ որոշումներ շուկայում հաշվեկշռի խախտման մասով։ Այլ կերպ ասած, եթե կառավարությունը այս սեգմենտում կատարեր շուկայական արդար բարեփոխումներ: Բայց, ցավոք, ինչքան էլ մենք խնդրեցինք, ամեն ինչ մնացել է նույնը, ինչի արդյունքում կուտակվել են ահռելի պարտքեր»:

Բիբինը նաև ասել է, որ առաջացող այդ պարտքերի մասին երկու տարի շարունակ Հայաստանի իշխանություններին ուղղված իրենց բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան։

Վահրամ Բաղդասարյանը, սակայն, չի կիսում Բիբինի այս տեսակետը․ - «Կառավարությունը իր հնարավորությունների սահմանում արել է այն, ինչ հնարավոր է: Կան թվեր, կան փաստեր, որոնցից խուսափել հնարավոր չէ»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել՝ հարցով պետք է զբաղվի դատախազությունը, անկախ այն բանից՝ պարտքերի կուտակման մեղավորը ՀԷՑ-ն է, թե Կառավարությունը․ - «Արդյունքը պետք է լինի նաև դատավճիռ․ դատապարտվեն անձինք, ովքեր չարաշահել են և այսպիսի իրավիճակի են հանգեցրել»:

XS
SM
MD
LG