Մատչելիության հղումներ

Էրդողանը խախտեց լռությունը՝ կոչ անելով կոալիցիոն կառավարություն կազմել


Թուրքիայի ղեկավարները փորձում են հաղթահարել փակուղին, որում երկիրը հայտնվել է խորհրդարանական ընտրություններից հետո:

Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած համարյա քառօրյա լռությունից հետո երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր առաջին անգամ ելույթ ունեցավ և բոլոր կուսակցություններին կոչ արեց պատասխանատվություն ցուցաբերել կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում:

Նախընտրական շրջանում թուրքական հեռուստաալիքներով Էրդողանը օրը առնվազն երեք անգամ ելույթ էր ունենում, իսկ ընտրություններից հետո նրա լռության տևողությունը հաշվող թուրքական կայքերը այսօր կանգ առան 3 օր 22 ժամ 1 րոպե 45 վայրկյանի վրա:

Այդ պահին խախտելով լռությունը՝ Էրդողանն ասաց, որ յուրաքանչյուրը պետք է մի կողմ թողնի իր «ես»-ը, և կառավարությունը պետք է ձևավորվի որքան հնարավոր է արագ:

Ընտրություններից հետո առաջին հրապարակային ելույթն ունեցավ նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Երեկ երեկոյան թուրքական պետական հեռուստաընկերության՝ TRT-ի եթերում նա ասաց, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «Թուրքիայի ժողովուրդը փակեց նախագահական համակարգին անցնելու դուռը՝ կուսակցություններին կոչ անելով կոալիցիոն կառավարություն կազմել»:

Դավութօղլուն վստահեցրեց, որ մյուս կուսակցությունների հետ բանակցելու որևէ սահմանափակում չունի և կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակին հասնելու համար անկեղծ բանակցություններ է վարելու մյուս կուսակցությունների հետ:

Նրա ելույթից ժամեր առաջ Թուրքիայի նախագահը հանդիպել էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայքալի հետ: Այս անսպասելի հանդիպումը ենթադրությունների տեղիք էր տվել, որ իշխանությունը փորձում է կոալիցիա կազմել ընտրություններում երկրորդ արդյունքը ցույց տված ժողովրդա-հանրապետականների հետ: Բայց երկրի նախագահը ի պաշտոնե նման բանակցություններ վարելու լիազորություն չունի, ուստի Դավութօղլուն նշել է, որ Էրդողանի և Բայքալի հանդիպումը կոալիցիա ձևավորելուն չի վերաբերել: «Նախագահականը պնդում է, որ նպատակը փակուղու հաղթահարումն է», - պարզաբանել է Թուրքիայի վարչապետը:

Չբացառելով կոալիցիա ձևավորելու որևէ տարբերակ, Դավութօղլուն ասել է, որ ընտրություններում հաղթած «Թուրքիայի ողնաշար «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թույլ չի տա, որ երկիրը քաոսի մեջ ընկնի»:

«Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, TRT պետական հեռուստաալիքով հայտարարել է Դավութօղլուն՝ շարունակելով. - «Երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Եթե մյուսները մտածում են բոլոր դռները փակելու մասին, մենք մտածում ենք մյուս բոլոր տարբերակների մասին: Եթե մյուս կուսակցությունները կողմ են համագործակցությանը, մենք նույնպես կմտածենք այդ ուղղությամբ՝ չբացառելով որևէ հնարավորություն: Իսկ եթե նրանք պլանավորում են ինքնուրույն քայլերի դիմել, մենք դրա դրա համար ևս բաց ենք: Կարևորը՝ որ ամեն ինչ մնա օրենքի սահմաններում»:

Թուրքիայի օրենսդրությամբ՝ եթե խորհրդարան անցած կուսակցություններին չհաջողվի կոալիցիոն կառավարություն կազմել, ապա երկրի նախագահը պետք է վարչապետ նշանակի, պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորվի, խորհրդարանը լուծարվի և նշանակվեն խորհրդարանական նոր, վաղաժամկետ ընտրություններ:

Դավութօղլուն ընդունել է, որ դա ևս տարբերակ է, եթե խորհրդարան անցած մյուս կուսակցությունները չցանկանան կոալիցիա կազմել, սակայն, նրա կարծիքով, ժողովուրդը դեմ է վաղաժամկետ ընտրություններին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պատմության մեջ եղել են կոալիցիոն կառավարություններ, սակայն ոչ մեկը չի աշխատել մինչև իր մանդատի վերջը:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի 550-տեղանոց Ազգային մեծ ժողով են անցել չորս՝ «Արդարություն և զարգացում» (258 տեղ), Ժողովրդա-հանրապետական (132 տեղ), «Ազգային շարժում» ու քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական (80-ական տեղ) կուսակցությունները:

Ընտրությունների արդյունքները նաև ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է նախագահական կառավարմանը, որին ձգտում էր Էրդողանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով: Այս կապակցությամբ Դավութօղլուն ասել է. - «Մենք ցանկանում էինք անցնել նախագահական համակարգին, բայց ժողովուրդը դրան հավանություն չտվեց: Հիմա նոր պատկեր է, և յուրաքանչյուրը պետք է շարունակի կառավարել գոյություն ունեցող խորհրդարանական համակարգի սահմաններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG