Մատչելիության հղումներ

«Լայքերի սկանդալի» ադրբեջանցի հեղինակը չի զղջում


Ադրբեջանիցի դիվանագետ Արիֆ Մամեդովը:
Ադրբեջանիցի դիվանագետ Արիֆ Մամեդովը:

Ադրբեջանական «լայքերի սկանդալն», ըստ ամենայնի, մոտենում է տրամաբանական ավարտին: «Թուրան» գործակալության տեղեկություններով, այն բոլոր ադրբեջանցի դիվանագետները, ովքեր հանդգնել էին հավանել դեսպան Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառումը, հեռացվել են համակարգից:

Հիշեցնենք, «Իսլամական համագործակցություն» կազմակերպության բրյուսելյան ներկայացուցչության ղեկավար Մամեդովը Բաքվի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ - «Որևէ այլ ժողվուրդ չէր հանդուրժի այն խայտառակությունն ու անարդարությունը, որ հանդուրժում են ադրբեջանցիները: Չինովնիկները միլիոններ են դիզում մարդկանց տառապանքների հաշվին»:

Մամեդովի այս հակիրճ գրառումը հավանել էին կամ սոցիալական ցանցերի լեզվով ասած՝ «լայք էին տվել» Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, Սիրիայում ժամանակավոր հավատարմատար Ռամիզ Վելիևը, Քուվեյթի դեսպանության խորհրդական Ջավիդ Մուսաևը, ինչպես նաև Բելգիայում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցներից մի քանիսը:

Ուշագրավ է, որ դիվանագետներին արտգործնախարարության համակարգից հեռացնելու մասին տեղեկությունները ադրբեջանական լրատվամիջոցները չեն կարողանում պաշտոնապես հաստատել, քանի որ Էլմար Մամեդյարովի ղեկավարած գերատեսչությունն այս հարցում քար լռություն է պահպանում: Արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը կիրակի օրը հանդես եկավ գրավոր հայտարարությամբ` պնդելով, որ թեև հավանել է Արիֆ Մամեդովի գրառումը, այնուհանդերձ չի կիսում դրանում արտահայտված մտքերը: Այս հայտարարությունից ի վեր, ըստ «Թուրան»-ի, արտգործնախարարության խոսնակն անհասնելի է, և նույնիսկ անհնարին է պարզել` արդյոք նա շարունակո՞ւմ է զբաղեցնել այդ պաշտոնը:

Սկանդալի հեղինակը` «Իսլամական համագործակցության» Բրյուսելի գրասենյակի ղեկավար Արիֆ Մամեդովը տեղի ունեցող իրադարձությունների առթիվ որևէ ափսոսանք չի հայտնում: Ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում Մամեդովը նշել է․ - «Այն, ինչ ես գրեցի, հոգու ճիչ էր: Ես դա միայն բարձրահարկում տեղի ունեցած հրդեհի պատճառով չէ, որ գրել էի: Բազմաթիվ հարցեր են կուտակվել և ոչ միայն ինձ մոտ»: Նա նաև պնդում է, որ վերջին օրերին իր դեմ ծավալված քարոզչական արշավն ուղղորդվում է նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմից:

Ինչ վերաբերում է պաշտոնազրկված դիվանագետներին, ապա ադրբեջանցի դեսպանը նշում է․ - «Ես ցավում, որ մարդիկ ստիպված էին այդպիսի գին վճարել ցավակցական բնույթի գրառման համար»:

Նշենք, սակայն, որ ինքը Մամեդովը շարունակում է պաշտոնավարել որպես Իսլամական համագործակցության կազմակերպության Բրյուսելի գրասենյակի ղեկավար: Թեև արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը նրան շնորհվել է Ադրբեջանի արտգործնախարարությունում աշխատելու ընթացքում, բայցևայնպես, Մամեդովի քառամյա պայմանագրի ժամկետը կարող է չեղյալ հայտարարել միայն «Իսլամական համագործակցության» գլխավոր քարտուղարը:

«Ես տեղյակ չեմ, թե արդյոք Բաքուն դիմե՞լ է կազմակերպությանը ինձ պաշտոնանկ անելու պահանջով: Բայց որպես փորձառու քաղաքական գործիչ՝ գլխավոր քարտուղարը լրջորեն կմտածի այդ քայլին դիմելուց առաջ», - նշում է Արիֆ Մամեդովը:

Վերջում հավելենք, որ դիվանագետների՝ ներքաղաքական պատճառներով պաշտոնանկությունները կամ հրաժարականները Հարավային Կովկասի համար նորություն չեն: Այս առումով յուրատեսակ առաջամարտիկը Հայաստանն էր: 2008-ի նախագահական ընտրություններից հետո թույլ տրված խախտումների դեմ բողոքելու, միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու կոչի համար պաշտոնանկ արվեցին և դիվանագիտական աստիճանից զրկվեցին արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում և Ղազախստանում Հայաստանի դեսպանները, արտգործնախարարության մամուլի խոսնակը, մի շարք այլ դիվանագետներ, ընդհանուր առմամբ՝ 10 հոգի:

Վրաստանի ԱԳՆ-ում ամենաաղմկալի սկանդալը ծագեց անցած տարի, երբ Իրակլի Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելուց հետո ի նշան բողոքի հրաժարական ներկայացրեցին նրա դիվանագետ կողմնակիցները` արտգործնախարար Մայա Փանջիկիձեի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG