Մատչելիության հղումներ

logo-print

Սելինա Դողան. «Ես հայերին վերաբերող խնդիրները խորհրդարանի օրակարգ կբերեմ»


Սելինա Դողան, արխիվ

Սելինա Դողան, արխիվ

Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմից առաջադրված ու պատգամավորական մանդատ ստացած հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանի խոսքով, ԺՀԿ-ն ընդունում է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց հետ պետք է առերեսվել:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 1923 թվականին հիմնել է Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը։ 1995 թվականին Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցության (ՍԺԺԿ) հետ միավորվելուց հետո ԺՀԿ-ն համարվում է ազդեցիկ կենտրոնամետ ձախ կուսակցություն:

Ermenihaber-ի հետ զրույցում Սելինա Դողանն ասել է, որ ԺՀԿ-ն Թուրքիայի հասարակության պես վերափոխման գործընթացում է: «Ներկայումս դա իրականացնում է իր կադրերը թարմացնելով, տարբեր հատվածների ներկայացուցիչների, կանանց առաջադրելով: Ես էլ այդ վերափոխման մի մասն եմ և դա տրամաբանական եմ համարում: Ոչ ոք թող հայ լինելս կասկածի տակ չդնի: Ինձ կուսակցության անդամներն էլ են շատ դրական ընդունում: Սկզբնական շրջանում մի փոքր ըմբոստություն եղավ, բայց հիմա ամեն ինչ կարգին է», - հայտարարել է Դողանը։

Նա նշել է, որ խոսքի ազատությունը կուսակցությունում ամենաշատ կարևորվող հարցերից մեկն է, վստահեցնելով, որ կուսակցության ներսում կա «քաղաքական բարոյականության սկզբունք և հարգանք խոսքի ազատության նկատմամբ», և որ ազատորեն կարող է ասել այն, ինչ ճիշտ է համարում, և մինչև վերջ պնդել ասածը։

«Ես, որպես հայ պատգամավոր, բնականաբար, հայերին վերաբերող խնդիրները խորհրդարանի օրակարգ կբերեմ: Ի տարբերություն մյուս պատգամավորների, ես ավելի քաջատեղյակ եմ հայ համայնքին հուզող հարցերին, վերջիվերջո համայնքի մեջ եմ մեծացել», - ասել է Սելինա Դողանը:

ԺՀԿ-ն, ըստ նրա, հակված է հարևան բոլոր պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը: «Այդ հարևաններից մեկն էլ Հայաստանն է: Ինչո՞ւ սահմանները փակ լինեն: Ինչո՞ւ մարդիկ չկարողանան միմյանց հետ առևտուր անել: Հասարակությունները մերձեցնելու համար քաղաքական կամքի պակաս է նկատվում, հայկական սփյուռքի նկատմամբ բացասական վերաբերմունք կա: Հարկավոր է դա վերացնել: Այս ուղղությամբ ԺՀԿ-ն, անշուշտ, դրականին միտված քայլեր կանի: Բնականաբար, դա այսօր կամ վաղը լուծվելիք հարց չէ: Այդ կոնտեքստում, օրինակ, իմ թեկնածության առաջադրումն արդեն իսկ որպես դրական քայլ եմ ընկալում», - ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը։

Դիտարկմանը, թե կուսակցական նախագահը հայտնի է հակահայկական հայտարարություններով, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, Դողանն այսպես է արձագանքել. - «Միևնույն ժամանակ պետք է նշել, որ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 1915 թվականի դեպքերն անվանել է մեծ ողբերգություն և նշել, որ առերեսվելուց չենք վախենում: Այսինքն՝ 1915 թվականի դեպքերն ինչպես ուզում եք կոչեք: Դա առանձին թեմա է: Արդյունքում այդ մարդիկ այսօր չկան: Այսօր Թուրքիայում ընդամենը 50-60 հազար հայ է ապրում, այնինչ ժամանակին միլիոնավոր են եղել: Կան հարցեր, որ առ այսօր բաց են ու լուծման կարիք ունեն: Անկախ նրանից, թե ինչ բնորոշում կտանք դրան, խնդիրն առկա է: Այստեղ կարևոր է, թե այսօր այդ մարդկանց ինչպես եք վերաբերվում: Այսինքն՝ մինչև օրս այդ մարդկանց որպես թշնամի՞ եք դիտում, օտարացնո՞ւմ եք, թե՞ վերաբերվում եք նրանց ինչպես հավասարը հավասարին, առանց որևէ այլատյացության: Մենք կպայքարենք հենց այդ այլատացության վերացման համար»:

Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ Դողանն ասել է, որ այն Ղարաբաղի հարցի հետ կապելը ճիշտ չի համարում:

«Հասարակական կազմակերպությունների տարած աշխատանքները պետք է ավելի ուժեղացնել: Մի շարք նախագծեր կան, որոնք պետք է խրախուսել, որպեսզի երկու հասարակությունները միմյանց ավելի լավ ճանաչեն, իսկ սահմաններն էլ բացվեն», - ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG