Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերանայել ԵՄ - Ռուսաստան հարաբերությունները


Եվրամիության դրոշը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքի դիմաց

Եվրամիության դրոշը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքի դիմաց

Նրանք հայտարարում են, որ Ռուսաստանը կորցրել է Եվրոպայի վստահությունը և նրա ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը։

Եվրոպական խորհրդարանը կոշտ բանաձև է ընդունել Ռուսաստան - Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ։

Նախօրեին Ստրասբուրգում խորհրդարանի լիագումար նիստին ընդունված այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերանայել Եվրամիություն - Ռուսաստան հարաբերությունները, հայտարարելով՝ Ռուսաստանը կորցրել է Եվրոպայի վստահությունը և նրա ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը։ Բանաձևը նաև կոչ է անում հակազդել ռուսական քարոզչությանը, առաջարկում աջակցել անկախ ռուսալեզու լրատվամիջոցներին Եվրամիությունում և նրա սահմաններից դուրս։

Միլանում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իտալացի գործարարների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով պատժամիջոցներին, հայտարարել է. - «Ռուսաստանը ամեն դեպքում գործընկեր գտնելու է, սակայն չարժե հրաժարվել փոխշահավետ համագործակցությունից»։

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման պատճառը եվրոպացի խորհրդարանականները համարում են Ուկրաինայի զինված հակամարտությունում Ռուսաստանի ուղղակի և անուղղակի մասնակցությունը, Ղրիմի ապօրինի բռնակցումը, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը և Եվրամիության եվրոպացի հարևանների վրա տնտեսական ճնշումն ու նրանց քաղաքական ապակայունացումը։ Այսպիսով, եվրոպացի պատգամավորները պնդում են, որ Ռուսաստանը գիտակցաբար խախտում է ժողովրդավարության սկզբունքները, միջազգային իրավունքի և իրավական պետության հիմնարար արժեքները։ Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ուկրաինայի արևելքի ու Ղրիմի իրադարձությունների լույսի ներքո Ռուսաստանը չի կարող դիտարկվել որպես ռազմավարական գործընկեր։

Համագործակցության վերսկսումը հնարավոր կլինի դիտարկել պայմանով, եթե Ռուսաստանը հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ներառյալ Ղրիմը, անխոս կկատարի Մինսկի համաձայնագիրը, կդադարեցնի ռազմական և այլ գործողությունները, որոնք իրականացնելով՝ նպատակ ունի ապակայունացնել Եվրամիության երկրների սահամնները։

Եվրախորհրդարանը նաև դիմել է Եվրահանձնաժողովին՝ պահանջելով բավարարար չափով միջոցներ հատկացնել կոնկրետ նախագծերի համար, որոնք կոչված են դիմակայելու ռուսական քարոզչությանը Եվրամիության տարածքում և դրա սահմաններից դուրս, օբյեկտիվ տեղեկատվություն հասցնել Արևելյան գործընկերության անդամ երկրների լայն հանրությանը։ Փաստաթուղթը քննադատում է նաև ռուսական «սև ցուցակը», որում ընդգրկված 89 հոգուց 19-ը Եվրախորհրդարանի անդամներ են։ Զեկուցողը կողմ է արտահայտվել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը։

Ռուսական դիվանագիտական գերատեսչությունից ի պատասխան այս հայտարարությունների ասել են, թե երկրորդ այտը դեմ չեն տալու, բայց և չեն մուրալու Եվրամիությունից որևէ թուլացում։

«Մենք հպարտ երկիր ենք, այդպիսին էլ կշարունակենք լինել», - ընդգծել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։

XS
SM
MD
LG