Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները չեն փարատվում


Շվեյցարիա - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լոզանում բանակցություններից հետո, 2-ը ապրիլի, 2015թ․

Շվեյցարիա - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լոզանում բանակցություններից հետո, 2-ը ապրիլի, 2015թ․

Իրանի միջուկային ծրագիրը, Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրման հարցը քննարկվել են նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում:

​Որքան մոտենում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու վերջնաժամկետը, այնքան բարձր են հնչում դրա հակառակորդների ձայները: Անհանգստացողների թվում են ինչպես Իսրայելը, այդպես էլ տարածաշրջանի այլ պետությունները, որոնք ցանկանում են համոզված լինել, որ Իրանն իրոք զերծ կմնա միջուկային զենքի մշակման գաղափարից:

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարում է, թե Իրանն ահաբեկում է Իսրայելին՝ պատրաստվելով Իսրայելի դեմ 100 հազար հրթիռ ուղղել։ «Նրանք պատրաստ են մեզ հրթիռակոծել», - ասել է Իսրայելի նախագահը։

Աշխատանքային այցով Իսրայելում է ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբերի պետ գեներալ Մարթին Դեմփսին։ Նա փորձում է ցրել կողմերի անհանգստությունները։ «Մենք փոխըմբռնման այն մակարդակի վրա ենք, որն անհրաժեշտ է անվտանգության բոլոր մարտահրավերների կարգավորման համար», - ասել է Դեմփսին։

Գեներալի խոսքով, Վաշինգտոնում պարզ գիտակցում են տարածաշրջանում առկա բոլոր վտանգները և պատրաստ են աշխատել դրանց նվազեցման ուղղությամբ:

Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրման հարցը քննարկվել են Միացյալ Նահանգների Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում:

Լսումներին հրավիրված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS - Center for Strategic and International Studies) ռազմավարության ղեկավար դոկտոր Էնթոնի Քորդսմանն առաջարկել է խնդիրը դիտարկել Թեհրանի տեսանկյունից: Նրա խոսքով, հրթիռների արտադրման Իրանի ցանկությունը հասկանալի է, հաշվի առնելով, թե որքան անհանգիստ տարածաշրջանում է գտնվում այդ երկիրը։ «Ես խորհուրդ կտամ չկենտրոնանալ չափից դուրս Իրանի վրա», - ասել է Քորդսմանը։

Լսումների մեկ այլ մասնակից՝ Միացյալ Նահանգների Պաշտպանության հետախուզական գործակալության նախկին ղեկավար գեներալ Մայքլ Ֆլինը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի առաջնային դեր խաղալ տարածաշրջանում, հակառակ դեպքում նրա տեղը կգրավեն այլ «խաղացողներ»։

«Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ դեր խաղա տարածաշրջանում՝ փորձելով միջուկային մրցավազքն ուղղել քաղաքացիական ոլորտ և զերծ պահել այն ռազմական ուղուց», - ասել է Մայքլ Ֆլինը։

Այսպիսով, գեներալի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է թույլ տա քաղաքացիական էներգետիկ ոլորտի միջուկային ծրագրերը՝ միևնույն ժամանակ պատնեշ դնելով ցանկացած տեսակի ռազմական միջուկային ծրագրերի առջև և աշխարհը զերծ պահելով միջուկային վտանգից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG