Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները հանդիպումներ են ունենում ԱԺ-ում


ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշեր, արխիվ

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշեր, արխիվ

Երևանում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ալան Միլը, որոնք այսօր հանդիպումներ են ունեցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանը անդրադարձել է, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ նշելով, որ այդ գործընթացում Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ, որը դրական եզրակացություն է տվել հայեցակարգի վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահը ասել է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկները մշակվում են հանրային քննարկումների ներքո: Խոսելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների գործընթացից՝ Սահակյանը հայտարարել է, թե այն իրականացվում է երկրի պարտավորություններին համահունչ:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, և հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով:

Սահակյանը մտահոգություն է հայտնել սառեցված հակամարտությունների հարցով ԵԽԽՎ-ի ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, քանի որ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը լիազորված չէ զբաղվելու հակամարտություններով:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից՝ Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ այն Հայաստանի իշխանությունների մշտական ուշադրության ներքո է։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի քաղաքական օրակարգում այսօր ամենակարևոր հարցը, իսկապես, սահմանադրական բարեփոխումների խնդիրն ու հանրաքվեն է: Ըստ Հովհաննես Սահակյանի` հանձնաժողովն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի հանրաքվեն լինի առավել արդյունավետ ու առանց ցնցումների: Նա նշել է, որ խորհրդարանն արդեն իսկ ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, ինչպես նաև փոփոխությունների է ենթարկել այն` համապատասխանեցնելով Ընտրական օրենսգրքին: Սահակյանը տեղեկացրել է, որ քվեարկված նախագիծը կապահովի սահմանադրական բարեփոխումների ոչ միայն քվեարկությունը, այլ նաև քարոզարշավի` հավասար պայմաններում անցկացումը:

Խոսելով իրականացված փոփոխությունների մասին` նա տեղեկացրել է, որ դեմ և կողմ ուժերի համար տրամադրվել է անվճար հեռուստաեթերի հավասար ժամանակ, քարոզարշավների համար համայնքների կողմից անվճար դահլիճներ ու պաստառներ փակցնելու համար նախատեսված վայրեր, ինչպես նաև խորհրդարանական խմբակցություններին և պատգամավորական խմբերին հնարավորություն է տրվել ընտրությունների ժամանակ տեղամասերում ունենալ վստահված անձինք:

Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ մասնագիտական խումբն աշխատում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի դրույթների վրա, որը հավանության է արժանացել և հաստատվել է երկրի նախագահի կողմից: Նա վստահեցրել է, որ մասնագիտական խումբը փուլ առ փուլ իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Այն պատրաստ լինելու դեպքում կրկին կներկայացվի երկրի նախագահին, ում հավանությանն արժանանալուց հետո կբերվի Ազգային ժողով, իսկ եռամսյա ժամկետում խորհրդարանի քաղաքական ուժերը կկարողանան փաստաթղթի վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետները:

Սահակյանը նշել է նաև, որ երբ փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան, իր գլխավորած հանձնաժողովը կկազմակերպի խորհրդարանական լսումներ` արտաքաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին հնարավորություն տալով մասնակցելու խորհրդարանում շրջանառվող նախագծի քննարկմանը: Իսկ դրան ընդառաջ` մոնիթորինգի փոքրիկ խմբեր են ուղարկվել Շիրակի և Լոռու մարզեր` պարզելու հասարակության տեղեկացվածության աստիճանը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների արդյունքում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը` Հովհաննես Սահակյանը նշել է, որ բավական մեծ թվով օրենքներ ենթակա են փոփոխության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG