Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «ջանք չի խնայում» երկիրը քննադատությունից զերծ պահելու համար


8 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում, ճոխ շնորհանդեսներ աշխարհի խոշոր մայրաքաղաքներում, հեղինակավոր հեռուստաընկերությունների էկրաններից ամիսներ շարունակ հրամցվող գովազդ․ այս ամենով Եվրոպական առաջին խաղերը հյուրընկալող Ադրբեջանը ձգտում է աշխարհին ներկայանալ իբրև եվրոպական, զարգացած, ազատ և հյուրընկալ երկիր՝ նաև ջանք չխնայելով երկիրը ցանկացած քննադատությունից զերծ պահելու համար:

Ադրբեջանցի լրագրողներին բարեհաջող կերպով բանտեր ուղարկող Ալիևի վարչակազմն այժմ էլ ճնշումների թիրախ է դարձրել Ադրբեջանը դրսից քննադատող ձայները:

Անցած գիշեր Բաքվի օդանավակայանում սահմանապահների կողմից ձերբակալվել է բրիտանացի լրագրող Էմմա Հյուզը, ում արգելել են մուտք գործել Ադրբեջան, թեև նա Ադրբեջանի կառավարության կողմից հավատարմագիր ուներ Եվրոպական խաղերի լուսաբանման համար:

Հյուզը բրիտանական «Գարդիան» պարբերականի հետ զրույցում պատմել է, որ Բաքվի օդանավակայանում սահմանապահները իրեն տեղեկացրել են, որ իր անունը ադրբեջանական հայտնի «սև ցուցակում է». սա այն անձանց ցուցակն է, ովքեր երբևիցե հանդգնել են քննադատել Ալիևի վարչակազմը:

«Ինձ ձերբակալել են Ալիևի ռեժիմի հրահանգով և գուցե արտաքսեն։ Լրագրողները, իրավաբանները, գիտնականներն ու ակտիվիստները, բոլորն այս երկրում ճաղերի հետևում են հայտնվում», - հեռախոսով գործընկերների հետ զրույցում ասել էր առավոտյան Բաքվից արտաքսված Հյուզը։

Ադրբեջանի կառավարությունն այսօր վրեժ լուծեց նաև իրեն ամիսներ շարունակ քննադատող Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունից: Այսօր տարածած հայտարարությամբ կազմակերպությունը հայտնել է, որ հարկադրված է եղել չեղյալ հայտարարել իր ներկայացուցիչների՝ նախապես ծրագրված այցն Ադրբեջան, քանի որ այդ երկրի կառավարությունը վերջին պահին հրաժարվել է թույլ տալ կազմակերպության պատվիրակության մուտքը երկիր:

Իրավապաշտպան կազմակերպությունը ծրագրել էր այս օրերին Բաքվում ճեպազրույցներ անցկացնել Եվրոպական խաղերի ֆոնին տեղի ունեցող բռնությունների վերաբերյալ:

«Խորապես հեգնական է, որ այդ միջոցառումը չեղյալ է հայտարարվել այն պահին, երբ Եվրոպական խաղերին ընդառաջ երկրում քննադատող ձայները պարբերաբար ճնշվում են։ Երկրի իշխանությունները հուսահատ փորձեր են անում խաղերի շուրջ քննադատությունից զերծ գոտի ստեղծել», - ասել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը իր հերթական հայտարարությունն այս անգամ ուղղում է Եվրոպական խաղերի հովանավորներին՝ աշխարհռչակ ապրանքանիշների սեփականատերերին կոչ անելով օգտվել իրենց դիրքից և խաղերի բացման օրը Ալիևից պահանջել ազատ արձակել ապօրինի կերպով ճաղերի հետևում պահվող քաղաքացիական ակտիվիստներին:

«Իշխող ռեժիմը ամիսներ շարունակ ահաբեկչական արշավ է իրականացնում՝ պարբերաբար ճնշելով իր մի քանի քննադատներին: Անկախ լրագրողները, բլոգերները՝ գրեթե բոլորը այլևս լռել են, նրանք կամ դատապարտված են, կամ աքսորված, - ասված է հայտարարությունում:

«Անկախ ձեր ֆինանսական շահերից, դուք պետք է քաջություն դրսևորեք և հունիսի 12-ից սկսած հրապարակայնորեն պահանջեք ազատ արձակել բանտերում գտնվող լրագրողներին», - կոչ է անում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

XS
SM
MD
LG