Մատչելիության հղումներ

Վարչապետն ասում է՝ Ծառուկյանի օբյեկտներում ստուգումները «դեռ մի քանի օր կտևեն»


Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խորհրդարանում բարձրացվեց Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում անցկացված ստուգումների արդյունքները հրապարակելու հարցը։

Մայիսի 20-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խոստացել էր արդյունքները հրապարակել հունիսի 5-ից հետո։ Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի վերջո ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, հիշեցրեց նաև վարչապետի խոսքը ՀՀԿ նիստում, որտեղ նա հայտարարել էր՝ մի քանի անգամ ասելուց հետո պետք է բամփել։

«Պարոն վարչապետ, ի վերջո բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք պարոն Ծառուկյանին»,- հարցրեց պատգամավորը։

Վարչապետ Աբրահամյանն ասաց, որ իր հայտարարությունը հիշում է, բայց ստուգումների արդյունքները դեռ չկան, ժամանակ է պետք։

«Ծավալուն գործունեություն է, դեռ մի քանի օր կձգձգվի։ Բայց դա չի փոխում ընդհանուր հանրագումարը, երբ ստուգող մարմինները կավարտեն, մենք արդյունքները կներկայացնենք հանրությանը»,- ասաց վարչապետը։

Փետրվարի 12-ին Հանրապետականի գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր Ծառուկյանի չվճարած միլիարդավոր դրամի հարկերի մասին, հանձնարարել էր ստուգել օդում կախված լուրերն ու հրապարակել տեղեկատվությունը։

Փաշինյանը այսօր վարչապետին կրկին հիշեցրեց փետրվարյան հայտարարությունները, երբ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը միմյանց չարիք անվանեցին։

«Խոսելով պարոն Ծառուկյանի մասին՝ ասել է, որ երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա, չգա։ Ինչպես տեսնում եք՝ «չարիք-չարիք» կինոթատրոն, և ես ուզում եմ չարիքի իշխանությանը և չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել հունիսի 1-ին «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ վերամիավորվելու կապակցությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետ Աբրահամյանը իր խնամի Ծառուկյանի օբյեկտներում անցկացված ստուգումների թեման կտրուկ փոխեց։ Փաշինյանին խորհուրդ տվեց մոռանալ, թե ով ում ինչ է ասել, Սարգսյանի և Ծառուկյանի խոսքերը մեջբերելու փոխարեն էլ մտածել տնտեսության զարգացման մասին։

Վարչապետի ելույթի մյուս հատվածը պատգամավորի հարցի հետ կապ չուներ.- «Հունիսի վերջին մենք նախաձեռնում ենք կազմակերպել տնտեսական ֆորում, հրավիրել երկրի տնտեսագետներին, ֆինանսիստներին, գործարարներին՝ քննարկելու այն բոլոր խնդիրները, որ այսօր մենք տեսնում ենք և փորձում ենք բոլոր ուժերին համատեղելով երկիրը հանել այս տնտեսական իրավիճակից»։

Սա ամառային արձակուրդներից առաջ ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանն էր։ Հաջորդ անգամ պատգամավորները Կառավարությանը հարց տալու հնարավորություն կունենան աշնանը։

XS
SM
MD
LG