Մատչելիության հղումներ

«Չարյաց փոքրագույն» 7 դրամն էլ «շատ ա ժողովրդի համար»


Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ գտնում է, որ եթե էլեկտրաէներգիայի վերահաս թանկացումը չփոխատուցվի, «6-7 տոկոսով կբարձրանա աղքատության տոկոսը հասարակության մեջ»:

Հանրապետական պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարծիքը չարյաց փոքրագույնն է թվում․ - «Նրանց ախորժակը 17 դրամ էր, հիմա եթե դառնա 6-7 դրամ, լավ ա, չէ՞: Քչով ա բավարարվում»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում տեղադրված որոշման նախագծի համաձայն, 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային ու գիշերային սակագները օգոստոսի 1-ից կբարձրանան շուրջ 7 դրամով:

Իր ղեկավարած հրատարակչության ծառայությունների գները Մարկոսյանը չի պատրաստվում բարձրացնել․ - «Է, որ թանկացնեմ․․․ արդեն թերթերը մեռնում են»:

Թանկացումից նա վրդովված է, բայց իրավապահներին ստուգումներ սկսելու առաջարկ չի անի, չի ուզում լինել նախաձեռնողը․ - «Չեմ էլ առաջարկի, որովհետև առաջարկողներ կան և հետաքրքրվողներ էլ կան: Ես որպես քաղաքացի, գտնում եմ, որ ցանկալի է, որ ոչ մի բան չթանկանա»:

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը (ՀՀԿ) նույնպես չի ուզում դիմել իրավապահներին՝ իր տեղը մեծահոգաբար զիջելով լրագրողներին․ - «Դո՛ւք նախաձեռնեք: Բողոք գրեք, որ հաշվի առնեն այդ բողոքը, դրա հիման վրա ուսումնասիրություն կատարեն»:

Լրագրողներից մեկի հարցին, թե այդ դեպքում ինչի համար են պատգամավորները, հակադարձեց․ - «Իսկ պատգամավորները որտեղի՞ց գտնեն որտեղ են այդ թալանը կատարում»:

«Ավելի լավ, որ 17 դրամ չի, բայց 7 դրամն էլ ա շատ ժողովրդի համար», - նշեց Ռուբեն Հովսեփյանը:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) ասաց, որ հոսանքի թանկացումը կբերի մնացած ապրանքների գների բարձրացման, ուստի պարտադիր է համարում փոխհատուցում տրամադրելը․ - «Եթե փոխհատուցում չլինի, մոտավորապես 6-7 տոկոս աղքատության տոկոսը կբարձրանա հասարակության մեջ»:

Պատգամավոր Լյովա Խաչատրյանը («Բարգավաճ Հայաստան») էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտություն չի տեսնում․ - «Ինչպե՞ս է պատահում, որ ցանցերի նախորդ տերերը տարեկան 30-40 միլիոն շահույթ են ապահովում, նոր տերերը վնաս են կրում: Դա ինձ համար անհասկանալի է: Առավել ևս՝ երբ այն ժամանակ էլեկտրաէներգիան ավելի էժան էր, և հետևաբար շահույթի ծավալը ավելի փոքր, քան այսօր»:

Խաչատրյանը նաև համոզիչ չի համարում ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները․ - «Անցյալ տարի սակավաջուր էր, բայց տվեցինք լրացուցիչ ջուր: Այս տարի սակավաջուր չի, ընդհակառակը՝ մոտ երկու-երկուևկես անգամ ավելի ջուր է կուտակվել, քան անցյալ տարի․․․ Այդ դեպքում, ի՞նչ է, վերադարձնելու են այդ փողը մե՞զ»:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ իշխանությունն ադեկվատ չէ իր գործողությունների մեջ․ - «Գոնե վերարտադրվելու խնդիրը լուծելու համար քաղաքացիների ու տնտեսվարողների բեռը չպետք է ավելացներ»:

Թանկացման դեմն առնելու միակ ուղին Փոստանջյանը համարում է բողոքի գործողությունները․ - «Մենք գոնե մեկ անգամ պետք է արձանագրենք, որ մե՛նք ենք որոշում կայացնողը, այլ ոչ թե մեր տեղը պետք է որոշումներ կայացնեն: Մեր տեղը, մեր հաշվին կուտակեն պարտքեր և ասեն, որ այդ պարտքերի համար դուք եք պատասխանատու և դուք պետք է վճարեք»:

XS
SM
MD
LG