Մատչելիության հղումներ

Ղարաբաղի Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկումն անցավ թեժ մթնոլորտում


Առաջին անգամ վերջին հինգ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկումն անցավ անսովոր թեժ մթնոլորտում:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի ներկայացրած եռամյա ծրագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումները՝ ներքին ու արտաքին անվտանգության ապահովում, կենսամակարդակի բարձրացում, համախառն ներքին արդյունքի 8-11 տոկոս աճ, ներդրումներ ու նոր աշխատատեղեր ավելի քան 2000 հոգու համար:

Տարիներ շարունակ նույն ամբիոնից տնտեսական աճ խոստացող վարչապետի ելույթին, սակայն, այս անգամ հաջորդեց «իսկ ինչպե՞ս» հարցադրումը: 2012 թվականից ի վեր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հարությունյանն այս անգամ ստիպված էր պատասխանել նաև վերջին ընտրություններով խորհրդարան եկած ընդդիմադիր պատգամավորների քննադատական հարցադրումներին:

Հայկ Խանումյանը, օրինակ, տնտեսական աճ խոստացող վարչապետից հետաքրքրվեց՝ գյուղացին ինչպե՞ս աշխատի, եթե որոշ գյուղերում համայնքին պատկանող հողերի մեծ մասը վարձակալված է հենց իր՝ վարչապետի կողմից:

«Եթե կան մարդիկ, որոնք իմ ընկերներն են, որոնք մշակում են, նրանք մշակում են օրենսդրության պահանջներին համապատասխան վարձակալված պահուստային հողերով: Նրանց արգելված չէ հող մշակել, այդ թվում՝ Ձեզ չի արգելված, և խորհուրդ կտամ Դուք էլ զբաղվեք հողագործությամբ»,- արձագանքեց վարչապետը:

Խանումյանի քննադատությունն այսքանով չսահմանափակվեց. ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, թե Կառավարությունը բյուջեն անարդյունավետ է ծախսում՝ հսկայական գումարներ տրամադրելով, օրինակ, Ազգային անվտանգության ծառայությանը:

«Անհնար է խոսել գործարար բարենպաստ միջավայրի մասին այն դեպքում, երբ Կառավարության գլուխ կանգնած են գործարարները: Բիզնեսի և իշխանության սերտաճումը գործարար և ներդրումային միջավայրերի վրա բացասաբար ազդող ամենամեծ գործոնն է»,- ասաց ընդդիմադիրը:

Տարիներ շարունակ առանց ընդդիմության աշխատող իշխանական պատգամավորների արձագանքը չուշացավ։ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը, վարչապետը՝ «պոպուլիզմ», վարչապետի կուսակից Արթուր Թովմասյանն էլ «ապազգային» որակեցին Խանումյանի ելույթը:

«Այս հասարակությունը 47 տոկոս ձայն է վստահել այդ ծրագրին, թող էդ 5 տոկոսանոց կուսակցությանը վստահեին, և իրենք Կառավարության գործունեության ծրագիրը ստեղծեին»,- հայտարարեց Թովմասյանը:

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն էլ հարց ուղղեց մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Զինված ուժերում դիզվառելիքի խոշոր չափերի յուրացման մասին: Վարչապետը փորձեց հանգստացնել՝ ասելով, թե հատուկ մտահոգության առիթ չկա, քանի որ նման երևույթները տարածված են բոլոր բնագավառներում:

Լեռնային Ղարաբաղի դատախազությունից փորձեցինք ճշտել, թե քանի՞ մարդ է ձերբակալվել ու ի՞նչ քանակի չարաշահումների մասին է խոսքը:

«Դրանով զբաղվում է զինվորական դատախազությունը Հայաստանում, մեր կառուցվածքում չկա այդպիսի ստորաբաժանում, որ զբաղվի դրանով»,- պարզաբանեց դատախազության մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը:

Օրենսդիրները 24 ժամվա ընթացքում հնարավորություն ունեն Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում ներկայացնել, սակայն ընդդիմադիր պատգամավորներն «Ազատությանը» փոխանցեցին, որ նման նախաձեռնությամբ հանդես չեն գա. անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքել չեն կարողանա:

XS
SM
MD
LG