Մատչելիության հղումներ

ԵՀԽ-ի գործադիր կոմիտեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հռչակագիր է որդեգրել


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցները այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Այնտեղ ընթերցվել է 100-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդունած հռչակագիրը։

Նրանք աղոթել են Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված հայերի, ինչպես նաև հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության հետևանքով բոլոր նահատակվածների համար, փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Քրիստոնեական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչները նաև իրենց աղոթքն են բարձրացրել Սիրիայում և Իրաքում հակամարտությունների դադարեցման և շուտափույթ խաղաղության հաստատման, ինչպես նաև քրիստոնյաների անվտանգ կյանքի համար:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գործադիր կոմիտեի որդեգրած հռչակագրում ասվում է.- «Մինչ որոշները շարունակում են ջանքեր գործադրել` մերժելու կամ նվազեցնելու այս պատմական իրադարձությունները, Գործադիր կոմիտեն մեծապես քաջալերվել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից 2015 թ.-ի ապրիլի 12-ին 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածի` որպես ցեղասպանություն հրապարակային ճանաչմամբ: Մենք շեշտում ենք, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի հիշատակելու Ցեղասպանության զոհերին` բուժելու այս պատմական վերքերը և ապագայում պաշտպանելու նմանատիպ վայրագությունների կրկնությունից»։

«Հարյուրամյակի այս տարում մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵՀԽ անդամ Եկեղեցիներին և հավատքի ու բարի կամքի տեր մարդկանց ոգեկոչելու և վերստին անդրադառնալու ցեղասպանությունների և մարդկության հանդեպ բոլոր հանցագործությունների կանխարգելմանը»,- ասված է հռչակագրում:

Նույն օրը ԵՀԽ-ի Գործադիր կոմիտեի պատվիրակությանը ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG