Մատչելիության հղումներ

Բյուջեի կատարողականին կողմ է միայն ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկեն


Բյուջեի կատարողականին կողմ է միայն ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկեն
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Իշխող Հանրապետականը միայնակ ստանձնեց բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պաշտպանությունը: Խորհրդարանական մյուս ուժերը մեկը մյուսի հետևից քննադատում էին Հովիկ Աբրահամյանի կառավարության բերած փաստաթուղթը՝ հայտարարելով, որ վաղը դեմ են քվեարկելու կամ ձեռնպահ:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փաստարկեց՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում գոնե կես տոկոսով չի կրճատվել գործազրկությունը, արտագաղթի տեմպերն են աճել: Զուրաբյանի ձևակերպմամբ, տնտեսության այս հիվանդը վիճակը Ղարաբաղի անվտանգությանն է սպառնում:

«Եվ պարզվում է, որ Ադրբեջանը շատ ճշգրիտ հաշվարկել է իր քաղաքականությունը: Խեղդելով Հայաստանին, այդ թվում նաև, ցավոք սրտի այդպես է ստացվում, կոռումպացված իշխանություններ ձեռքով, մենք գնալով հայտնվում ենք անելանելի վիճակում», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարին տեղից պատասխանեց խորհրդարանի փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը․ - «Ղարաբաղի ճակատագրով դուք մի մտահոգվեք: Քանի մենք ենք իշխանության, մենք դեռ երկար ենք լինելու իշխանության, ղարաբաղյան խնդրում ամեն ինչ շատ նորմալ է լինելու, և Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է անպայման լինի: Նենց որ մահախոսականները պահեք ձեզ»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ցանկացավ հակադարձել ընդդիմադիր պատգամավորին: Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսին հիշեցրեց, որ խարխլված տնտեսությունն իրենք վերականգնեցին՝ երկնիշ աճ ապահովելով․ - «Մի փոքր հիշողության թելերը սկսեի աշխատեցնել, ժողովուրդը կսկսեր տխրել, տխրել: էնպես որ՝ էստի աշեցեք»:

Հաշվետվությանը դեմ է քվեարկելու նաև Դաշնակցությունը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարությունից հետաքրքրվում էր՝ Հայաստանի տնտեսության որ ճյուղերին օգնեցին կենսաթոշակային ֆոնդեր ուղղված գումարները, կամ ակտիվացավ արդյոք աշխատաշուկան գործազրկության նպաստը վերացնելուց հետո, ինչպես գործադիրն էր խոստանում:

«Ինչպես որ անմխիթար ձևով հաստատվեց 2015 թվականի բյուջեն, նույն անմխիթար վիճակով էլ ներկայացվում է կատարման շրջանակներում», - ասաց Մինասյանը:

«Օրինաց երկիր»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը ձեռնպահ են քվեարկելու: ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը բացատրեց՝ ինչու դեմ չէ․- «Այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում բան չի փոխվել դեպի դրական ուղղությամբ, սա, կարծում եմ, դժվար է վիճել: Հիմա դեմ ենք քվեարկում ինչի՞ն: Մենք չենք կարողացել մոտիվացիան գտնել․ բյուջեի կատարողականին դեմ լինելը, եթե կրիմինալ չունես ձեռքի տակ, մենք կարծում ենք, որ էդքան էլ պարզ չի»:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին էլ դուր չէր եկել ընդդիմադիրների ներկայացրած մռայլ պատկերը․ - «Խոսել համատարած աղքատացման, սովալլուկ մանուկների և այլ լալահառաչ իրականության մասին, կարծում եմ, որ տեղին չէ: Մենք ունենք դժվարություններ, խնդիրներ, սակայն հարկ է ամեն ինչը ներկայացնել ճիշտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG