Մատչելիության հղումներ

Գարո Փայլան. Ժխտողական քաղաքականության դեմ պայքարողներից մեկն եմ լինելու


Գարո Փայլան, արխիվ

Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը հարցազրույց է տվել Ermenihaber կայքին։

Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված հինգ հայ թեկնածուներից երեքը հաղթահարեցին անցողիկ շեմը: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) կողմից առաջադրված Գարո Փայլանը ընտրություններից հետո Ermenihaber-ի հետ զրույցում ասել է, որ ժխտողական քաղաքականության դեմ պայքարողներից մեկն է լինելու։

«Մի շարք խնդիրներ ունենք. անցյալի հետ առերեսվելու, Հրանտի, Սևակի, Ցեղասպանության խնդիրներ ունենք, մշակութային մեծ կորուստ ունենք, որն առ այսօր փոխհատուցված չէ: Սակայն ես այսպես եմ մտածում. եթե այս բոլոր խնդիրների լուծման համար մենք՝ հայերս միայնակ պայքարենք, հաջողության չենք հասնի: Մեր կուսակցության սկզբունքներից է, որ այս խնդիրների համար պայքարենք այլ ազգերի հետ միասնաբար: Բայց, բնականաբար, ես անձնապես իմ պայքարը կտանեմ: Ժխտողական քաղաքականության դեմ պայքարողներից մեկը կլինեմ, մեր համայնքին վերաբերող խնդիրների լուծման համար կպայքարեմ, անկախ այն բանից՝ դրանք կլինեն պատրիարքարանի, դպրոցների, թե հիմնադրամների խնդիրները», - ասել է Փայլանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում է եղել, հետևաբար, առերեսումն էլ պետք է Թուրքիայում լինի: «Բայց հաճախ դիտվում է Հայաստան - Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Հայաստան - Թուրքիա հարաբերությունները կազմում են այս հարցի ընդամենը մի մասը, բայց ոչ հիմքը: Ես կարծում եմ, որ քանի դեռ հանրության մեջ առերեսումը չի հասունացել, արձանագրություններն իմաստ ունենալ չեն կարող», - ասել է Փայլանը:

Ermenihaber-ի դիտարկմանը, թե Հայաստանի նախագահն առաջարկել էր առանց նախապայմանների բացել սահմանները, և հարցին, թե հարաբերությունների կարգավորումը կապո՞ւմ է Ցեղասպանության ճանաչման հետ, Թուրքիայի խորհրդարանի հայազգի նորընտիր պատգամավորը պատասխանել է. - «Նախագահի տեսակետը չեմ ընդունում: Նախևառաջ պետք է Թուրքիայում Ցեղասպանության հանցանքը գիտակցվի, հայկական ինքնությունը կարգավորվի և Հայաստանի նկատմամբ թշնամանքը վերանա: Անշուշտ, ես հարգում եմ Հայաստանի և Սփյուռքի մղած պայքարը: Բայց կոչ եմ հղում բոլորին, բոլոր հայկական կուսակցություններին, այդ թվում՝ դաշնակցականներին՝ եկեք այդ պայքարը այստեղ մղենք: Թուրքիա եկած ամեն մի հայ ունենում է իր ներգործությունը»։

Անդրադառնալով մանդատ ստացած հայազգի մյուս երկու պատգամավորներին, Փայլանն ասաց, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից (ԺՀԿ) Սելինա Դողանն իր ընկերն է և նրա հետ անցնելու ճանապարհ ունի, իսկ խոսելով իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված Մարգար Եսայանից՝ ասել է. - «Ժամանակին գաղափարակիցներ ենք եղել, նույնիսկ Էրդողանի դեմ համատեղ հռչակագրեր ենք հեղինակել: Սակայն Մարգարի վերջին երեք տարվա գործունեությանը եթե նայենք, իշխանություններին գովաբանող լեզվով է խոսում: Իսկ դրան ես երբեք չեմ կարող մասնակցել: Եթե նա կարողանա ձերբազատվել այդ գործունեությունից, կհամագործակցենք, իսկ եթե չէ, Մարգարի հայ լինելը ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար ազգությամբ ոչ հայ ուրիշ մարդիկ Մարգարից շատ ավելի կարևոր կարող են լինեն: Օրինակ՝ ունեմ մեծ թվով կուսակիցներ, որոնք հայեր չեն, բայց հայերին վերաբերող հարցերում Մարգարից հազար անգամ ավելի սրտացավ են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG