Մատչելիության հղումներ

Գորիսի գործով ձերբակալվածները մարզպետի որդու մերձավոր շրջապատից են


Գորիսի գործով ձերբակալվածները մարզպետի որդու մերձավոր շրջապատից են
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով երեկ ձերբակալվել է երկու անձ։

Թեև Քննչական կոմիտեն առայժմ անուններ չի հրապարակում, սակայն Գորիսի աղբյուրը «Ազատությանը» տեղեկացրեց, որ նրանցից մեկը մարզպետի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին է, մյուսը՝ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի ընկերը։ Մարզպետի որդին քրեական գործում որպես վկա է ներգրավված։

Մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով Հարութ Զաքարյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք՝ կորցրել մեկ աչքի տեսողությունը, իսկ նրա եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը քթի կոտրված էր ստացել, ինչը դատաբժշկական փորձագետները համարել են միջին ծանրության վնասվածք։

Քննչական կոմիտեի երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ նշված է՝ ձերբակալված երկու անձինք Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրողներն են։ Կոմիտեից այսօր «Ազատությանը» տեղեկացրեցին, որ առերեսման ժամանակ եղել են երկու անձինք, նրանք ձերբակալվել են, քանի որ Մուշեղ Զաքարյանը պնդել է իր ցուցմունքները և նրանց մատնացույց արել։ Մյուս տուժածը՝ մեկ աչքի տեսողությունից զրկված Հարութ Զաքարյանը առերեսմանը չի մասնակցել, քանի որ բուժման նպատակով բացակայում է Հայաստանից։

Մուշեղ Զաքարյանի փաստաբան Լևոն Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկվա առերեսումն առայժմ միակն է եղել.- «Դրանից ավելի այս պահին որևէ ինֆորմացիա չեմ կարող ասել»։

Մարզպետի, նրա վարորդի ու նրանց փաստաբանների հետ օրվա ընթացքում զրուցել չհաջողվեց, հեռախոսահամարներն անհասանելի են։

Զաքարյանների ծնողները «Ազատության» հետ զրույցում մի քանի անգամ պնդել են՝ ծեծկռտուքի մասնակիցների թվում են նաև Սյունիքի մարզպետի երկու որդիները, որոնք մի քանի անգամ զանգահարել են Հարութ Զաքարյանին, կանչել «Սդղի գյոլ» կոչվող տարածք ու մոտ հինգ տասնյակից ավելի անձանց հետ դաժան ծեծի ենթարկել նրան ու եղբորը։

«Հրել, քցել են գետնին, հարձակվել են ինչով կարողացել, էլ մահակներով, էլ քացով, էլ մետաղական գործիքներով հարվածել են։ Տիգրան Խաչատրյանն է եղել ու իրա թափթփուկները»,- պատմել էր տուժածների մայրը՝ Անահիտ Գալստյանը։

Մայրը նույնիսկ վստահեցրել էր՝ ինքը, ամուսինը և որդիները մի քանի անգամ հարցաքննվել են և ամեն անգամ ցուցմունք տվել մարզպետի որդու դեմ, անգամ իրավապահներից պահանջել են վերծանել Հարութի հեռախոսազանգերը։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեպքից երկու օր անց հայտարարել էր, որ իր որդին որևէ առնչություն չունի միջադեպի հետ, ավելին՝ վստահեցրել էր, թե Տիգրան Խաչատրյանը այդ ժամանակ Երևանում է եղել։

Այնուամենայնիվ, մոտ երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեում հարցաքննվելու ժամանակ, ինչպես «Ազատությանը» տեղեկացրել էր Սուրիկ Խաչատրյանի փաստաբանի օգնականը, մարզպետը իրավապահներին այլ բան էր պատմել։ Ասել էր, թե իր որդին ծեծկռտուքին ներկա եղել է, սակայն որևէ մեկին չի հարվածել, դեռ մի բան էլ փորձել է բաժանել վիճաբանողներին։

Ի դեպ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախաքննական մարմնից երկու շաբաթ առաջ պահանջել էր մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի քրեական գործը՝ ուսումնասիրելու, թե արդյոք ճիշտ քրեական գնահատական է տրվել Տիգրան Խաչատրյանին վկայի կարգավիճակով ներգրավելուն։ Քննչական կոմիտեն մինչ օրս նյութերը գլխավոր դատախազին չի ուղարկել:

XS
SM
MD
LG