Մատչելիության հղումներ

Հոսանքի թանկացման լուրը ոտքի է հանել Արագածոտնի մարզի բնակիչներին


Արագածոտնի մարզի բնակիչները բողոքում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների տասնյակ գյուղացիներ այսօր դուրս էին եկել Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհ: Նրանք հայտարարում էին, թե այսօրվանից համառ պայքար են մղելու իշխանության դեմ:

Հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացիները ասում են, թե անգամ այս պահին գործող 41 դրամ սակագինն է իրենց համար չափազանց բարձր, և եթե այն հասցվի 48 դրամի՝ շատերը պատրաստ են հրաժարվել հոսանքից ու անցնել փայտե վառարանների:

Գյուղացիները դժգոհեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից՝ ասելով, թե հոսանքը թանկացնելու փոխարեն, թող շքեղ մեքենաներ չգնեն, չբարձրացնեն առանց այդ էլ աստղաբաշխական թվերի հասնող իրենց աշխատավարձերն ու խնայեն տարատեսակ ավելորդ ծառայությունների վրա ծախսվող գումարները: Նրանք հարցնում էին, թե ինչու պետք է այդ ամենի համար հողագործն ու շարքային քաղաքացին վճարի:

«Ռուսական Բիբինը՝ էդ էլեկտրացանցերի մեծը, վերևից եկած սարքում են, թանկացնում են, որ գնան Մինսկում աշխատեն, մերոնք էլ ճարահատված, ապրելու հնարավորություն չունեն, պիտի գնան», - ասաց գյուղացիներից մեկը:

Ակցիայի ընթացքին հեռվից հետևում էր մարզի տարածքային կառավարման վարչության պետ Սիրազնիկ Հովսեփյանը, ինչն աննկատ չմնաց լրագրողների ու գյուղացիների կողմից: «Ազատության» հարցին, թե նա նույնպես միանում է գյուղացիների բողոքի ակցիային, Հովսեփյանը նախ պատասխանեց, թե ինքն էլ դեմ է հոսանքի թանկացմանը, բայց և վրդովվեց․ - «Ցույցը դուք եք կազմակերպել, ինչո՞ւ եք եկել այստեղ: Եկել եմ տեսնեմ ձեր կազմակերպած ակցիան օրինականության ի՞նչ սահմաններում է իրականացվում»:

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ եթե ոստիկանական մեքենաները անընդհատ հետուառաջ չանեին ու բարձրախոսով նախազգուշացումներ չհնչեցնեին, բողոքող գյուղացիների թիվն ավելի մեծ կլիներ: Գյուղացիներից մեկը նկատեց, թե ինչպես է քաղաքացիական հագուստով իրենց համայնքի ոստիկանը լուսանկարում բողոքի ակցիայի մասնակիցների ցուցակը:

«Չեմ նկարում, նայում եմ», - արձագանքեց ոստիկանը:

էլեկտրաէներգիան մոտ 7 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը մեկ շաբաթից կդրվի հաստատման: Գյուղացիները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու ամենաքիչը 500 հոգով պատրաստվում են միանալ Երևանում կայանալիք բողոքի ցույցերին:

XS
SM
MD
LG