Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաշվարկներ է անում՝ «մեղմելու» հոսանքի թանկացումը անապահովների համար


Թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, Կառավարությունը արդեն սկսել է հաշվարկները՝ պարզելու, թե էլեկտրաէներգիան մոտ 7 դրամով թանկացնելու դեպքում ինչպես պետք է օգնել անապահով ընտանիքներին։ Այսօր այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

«Ներկայումս հաշվարկում ենք այն անհրաժեշտ լրացուցիչ միջոցները, որպեսզի առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմվի այդ ազդեցությունը»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը նպաստառու ընտանիքներին օգնելու իր առաջարկը կներկայացնի Կառավարությանը, իսկ հաշվարկները կանեն ինչպես անցյալ տարի, երբ էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 4 դրամով բարձրացվեց, իշխանություններն էլ որոշեցին 1000 դրամով ավելացնել անապահով ընտանիքների նպաստը։

Նախարարն, այնուամենայնիվ, ընդունում է, որ հոսանքի թանկացումը բեռ կլինի ողջ բնակչության, այդ թվում՝ իր ընտանիքի համար։ Բայց հնարավոր փոխհատուցումը կտրվի միայն նպաստառու մոտ 105 հազար ընտանիքներին։

«Կառավարությունը իր հնարավորությունների և ռեսուրսների շրջանակներում առաջին հերթին պիտի քայլ անի այդ ուղղությամբ։ Մյուս մեր քաղաքացիների առումով, բնական է, որ առաջին հերթին եկամուտները, որ նրանք ստանում են, դրանց աճն են, որը պիտի կարողանա խնդրին լուծում ապահովել»,- ասաց նախարարը։

Թե ինչպես պետք է աճեն մյուս քաղաքացիների եկամուտները, Ասատրյանը չհստակեցրեց։ Իսկ պետական վիճակագրությունը փաստում է՝ Հայաստանում աղքատ է բնակչության 32 տոկոսը, որոնց միայն 1/3-ն է անապահովության նպաստ ստանում։ Այսինքն՝ մոտ կես միլիոն մարդ ոչ մի փոխհատուցում չի ստանա, չնայած պաշտոնապես աղքատ լինելուն։ Այդ մարդիկ ստիպված կլինեն կրել ոչ միայն թանկացող հոսանքի բեռը, այլ նաև դրա հետևանքով սպասվող գնաճի։

Կառավարությունում, ի դեպ, այս օրերին նաև փորձում են պարզել, թե հոսանքի առաջիկա թանկացումը ինչպես կազդի տնտեսության ու, մասնավորապես, գնաճի վրա։

Բանը գնաճին չի հասնի, վստահեցնում են «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները, ովքեր հունիսի 19-ին «բարձր լարում» են խոստանում՝ հավատալով, որ իրենց երթով կկանխեն թանկացումը։

«Հանրության ճնշումով իրենք կարող են ցանկացած որոշում փոխել, կապ չունի երբ են կայացվել դրանք»,- ասաց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։

«Մենք համոզված ենք, որ կարողանալու ենք, եթե հանրությունը վերջ ի վերջո դուրս գա փողոց։ Իսկ մենք ականատես ենք լինում, որ դուրս են գալիս»,- հավելեց Մաքսիմ Սարգսյանը։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշում են՝ իրենց պահանջներում մնում են հաստատուն՝ ոչ մի լումա ավելի էլեկտրաէներգիայի դիմաց։ Ընդ որում հոսանքը չթանկացնելու պահանջն էլ ուղղում են միանգամից Հայաստանի վարչապետին ու նախագահին, ով ավելի վաղ, ըստ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի, հանձնարարել էր «ամեն ինչ անել, որ հոսանքի գնի բարձրացման հետ կապված այս տարի խնդիր չունենանք»:

«Ինչքան էլ մենաշնորհային ընկերություն լինի ՀԷՑ-ը, պետք է լինի վերահսկող մարմին։ Վերահսկող մարմինները այս դեպքում պետական կառավարման մարմիններն են՝ վարչապետը և նախագահը։ Բայց նրանք իրենց գործառույթները չեն կատարում»,- ասաց Շուշանյանը։

Իսկ օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությանը, թե մոտ 7 դրամով թանկացումը անհրաժեշտ է սակավաջրության, ատոմակայանի ժամանակավոր դադարի ու դոլար-դրամ փոխարժեքի տատանումների հետևանքով ՀԷՑ-ի կրած վնասների պատճառով, Մաքսիմ Հակոբյանն արձագանքում է.- «Ինձ համար գոնե այդ փաստը հիմնավորված կլիներ, եթե դոլարի արժեզրկման ժամանակ նույն կառավարությունը, ՀԾԿՀ-ն դիմեին և որոշում կայացնեին հոսանքը էժանացնելու մասին։ Բայց չեղավ նման բան։ Էդ ո՞նց է, էժանացման դեպքում չեն արձագանքում, բայց հենց գալիս է հերթը բարձրացնելուն, անմիջապես արձագանքում են»։

XS
SM
MD
LG