Մատչելիության հղումներ

Թուրքիան` կոալիցիոն կառավարության ձևավորման շեմին


Մեկնարկել են խորհրդակցություններ իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների միջև:

Չի բացառվում, որ Թուրքիան հետևի Գերմանիայի օրինակին` իշխող կուսակցության և առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժի մասնակցությամբ «Մեծ կոալիցիա» ձևավորելով:

Երեկվանից թուրքական մամուլում համառորեն շրջանառվող լուրերի համաձայն` բանակցությունների հաջող ընթացքի դեպքում առաջիկա կոալիցիոն կառավարության կազմում ներգրավված են լինելու 2002 թվականից միանձնյա իշխանություն ստանձնած իսլամիստները և հունիսի 7-ի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քեմալականները` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:

«Ժողովրդավարությունը նաև հաշտեցման մշակույթ է: Եթե գործող վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դիմի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին` հանդիպման առաջարկով, ապա մերժում չի լինի», - հայտարարում էր կուսակցության խոսնակ Հալուք Քոչը ընդդիմադիր այս ուժի գործադիր մարմնի երեկ կայացած նիստից հետո:

Ընդդիմադիր կուսակցության շարքերում, սակայն, իսլամիստների հետ «Մեծ կոալիցիա» կազմելու հեռանկարների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրիկուլուն լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ իսլամիստների հետ կոալիցիոն կառավարություն կազմելը սխալ քայլ է:

«Ընտրողները երեք ընդդիմադիր կուսակցություններին քվե տալով հստակ ուղերձ են հղել` ասելով՝ «մենք չենք ցանկանում, որպեսզի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կառավարական լծակների տիրապետի», - նշում էր ընդդիմադիր պատգամավորը:

Չնայած ընդդիմության ներսում առկա տարաձայնություններին՝ խորհրդակցությունները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընտրություններում քվեների 25 տոկոսը ստացած Ժողովրդա-հանրապետականի միջև մեկնարկել են:

Ուշագրավ է, որ ըստ Anadolu գործակալության` դրանց նախաձեռնողը ոչ թե ընտրություններում առավելագույն թվով քվեներ ստացած քաղաքական ուժը ղեկավարող վարչապետն Ահմեթ Դավութօղլուն է, այլ նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Մի քանի ժամ առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության շենքում մեկնարկել է Էրդողանի հանդիպումը Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ և նոր գումարման խորհրդարանի ամենատարեց անդամ Դենիզ Բայքալի հետ:

Պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ հանդիպման առաջարկը Էրդողանինն էր, և Բայքալը համաձայնել է ընդունել հրավերը միայն իր կուսակցության ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո:

CNN Turk-ի պնդմամբ, հակառակը` հանդիպման առաջարկով հանդես է եկել ինքը Բայքալը:

Թուրքական մեկ այլ լրատվամիջոցի` Zaman-ի տեղեկություններով էլ, չի բացառվում, որ երկրի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը համարվող Բայքալը միջնորդի դեր ստանձնի նախագահի և ընդդիմության միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG