Մատչելիության հղումներ

Գյուղնախարարի մոտ քննարկվել են պտուղ-բանջարեղենի արտահանման հարցերը


Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն Հայաստանում գործող արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնի հետ կապված ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով:

Ընդգծելով, որ գյուղատնտեսական տարին բերքառատ է և այս տարի հատկապես ծիրանի և խաղողի բարձր բերք է ակնկալվում, նախարարն առանձնահատուկ կարևորել է արտահանման կազմակերպման հարցը:

«Արտահանման գործընթացն ընթացքի մեջ է, մի քանի օրից կսկսվի ծիրանի արտահանումը, և մեզ համար այսօր օրակարգային է արտահանումների գործընթացի պատշաճ, ժամանակին և հստակ կազմակերպումը», - Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել երկրում արտադրվող գյուղմթերքի արտահանման համար. ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, ուստի անհրաժեշտ է օգտվել ստեղծված հնարավորությունից և ավելացնել պտուղ-բանջարեղենի արտահանումների ծավալները հատկապես դեպի ռուսական շուկա:

Արտահանող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով` արդեն իսկ երկրից կաղամբի և կարտոֆիլի խմբաքանակներ են արտահանվում, փաստաթղթային ձևակերպումների հետ կապված խնդիրներ առկա չեն: Որպես հիմնական խոչընդոտ նրանք առանձնացրել են Վերին Լարսի անցակետում որոշ դեպքերում գոյացող հերթերը:

«Սպայկա» ընկերության ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ այս տարի իրենք նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, ձեռք են բերել նոր մեքենաներ ռուսական համարանիշներով, որոնց միջոցով կարող են անարգել, առանց հերթերի ապրանքն արտահանել Ռուսաստան: Դրանք հնարավորություն ունեն բեռնել մոտ 2-2․5 տոննա բերք, անմիջապես գյուղացիներից բերքը վերցնել:

Նախարարը ևս մեկ անգամ հորդորել է մեծ ուշադրություն դարձնել արտահանումների գործընթացին վերաբերող հարցերին, ակտիվացնել գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքները, ինչպես նաև ընդլայնել արտահանվող պտուղ-բանջարեղենի տեսականին:

Կարապետյանը նշել է, որ նախարարությունում գործում է թեժ գիծ հեռախոսակապ, և հորդորել է արտահանողներին բոլոր ընթացիկ հարցերի մասին ժամանակին բարձրաձայնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG