Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի դիտորդները կհետևեն ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությանը


ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, արխիվ

ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, արխիվ

Այսօր Պաշտպանության նախարարությունում շարունակվել են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի տարածքում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ ՊՆ-ում ստացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Էրվե Լադսուսի պաշտոնական գրությունը, ըստ որի, հաստատվել է նշված դեպարտամենտի ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսված զորավարժություններին՝ դիտորդի կարգավիճակով:

Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել նաև Հայաստանի պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև հաստատված գործակցության կապակցությամբ և հատուկ կարևորել նշված կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությունն ինչպես բանակցություններին, այնպես էլ հետագայում` բուն զորավարժությանը:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը նշել է, որ ռազմական համագործակցության կատարելագործման և ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստման նպատակով, նախատեսված զորավարժության ընթացքում նպատակահարմար է շարունակել հետազոտական խմբերի գործառումը` ՀԱՊԿ-ի անդամ պետությունների առաջատար ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվմամբ:

Զորավարժության ղեկավար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ նախատեսված զորավարժությունը ընթացիկ տարվա համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների ցանկում գլխավորն է խաղաղապահության բնագավառում և այն հնարավորություն կընձեռի գործնականում փորձարկել նշված ոլորտի մոտեցումներն ու մտահղացումները:

Շտաբային բանակցությունները կավարտվեն հունիսի 11-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG