Մատչելիության հղումներ

Այսօր Փարիզում տեղի կունենա ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը


ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրգում

ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրգում

Արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից։

Այսօր Փարիզում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրությունը, «Ազատության»-ը փոխանցեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը։

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուներն են՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։

«Մասնավորապես, գաղտնի պայմաններում հարցազրույց կանցկացվի թեկնածուներից յուրաքանչյուրի հետ, այնուհետև կրկին գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը թեկնածուներից որևէ մեկին կերաշխավորի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընտրությանը։ Այսինքն՝ երեք թեկնածուները կներկայացվեն երաշխավորությամբ մեկ թեկնածուի, որը կլինի հանձնաժողովի թեկնածուն, և այնուհետև քվեարկությամբ կընտրվի դատավորը ամառային հունիսյան նստաշրջանի», - ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինքը մասնակցելո՞ւ է այդ հարցազրույցին, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Այո, իհարկե, ես, որպես հանձնաժողովի անդամ, ինքս մասնակցում եմ և՛ հարցազրույցներին, և՛ քվեարկությանը, սակայն, ինչպես արդեն մատնանշեցի, հանձնաժողովի քվեարկությունը, հանձնաժողովի նիստերը և այնուհետ քվեարկությունը գաղտնի ընթացակարգով է, և արդյունքները մի քանի օր անց Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում կտեղադրվեն, և միայն դրանից հետո հասանելի կդառնան հասարակական լայն զանգվածներին»։

Դատավորների ընտրության հանձնաժողովի անդամն ասաց, որ իրավասու է հարցեր ուղղել Հայաստանի թեկնածուներին, և որ պաշտոնապես որևէ արգելք չկա. - «Սակայն, Խորհրդարանական վեհաժողովում չընդունված կանոն կա, որ եթե համապատասխան երկրի ներկայացուցիչը հանձնաժողովի անդամ է, ապա, որպես ընդհանուր կանոն, հանձնաժողովի տվյալ անդամը ձեռնպահ է մնում հարցեր ուղղելու իր իրավունքից»։

Ճշտող հարցին, թե այդուամենայնիվ հարցեր ուղղելո՞ւ է, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Դուք հարց եք տալիս, որը ես չեմ կարող բացահայտել»։

Դիտարկմանը, թե մամուլում շատ է գրվում, որ այս դեպքում դատավորի ընտրությունը հնարավոր է ձախողվի, Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. - «Անկեղծ ասած, ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել մամուլում առկա որևէ փաստարկ, դրանք մամուլում հնչած տեղեկություններ են՝ մամուլի և զանգվածային լրատվության միջոցների տեղեկատվության աղբյուրների վրա հիմնված։ Ինչ վերաբերում է իմ հիմնավորումներին, ապա ես միայն գործում եմ փաստերի հետ, իսկ փաստն այն է, որ այսօր տեղի է ունենալու այդ ընտրությունը, թե ինչպիսի արդյունքներ կլինեն՝ բոլորս կիմանանք մի քանի օր անց»։

XS
SM
MD
LG