Մատչելիության հղումներ

Տնտեսագետն անհիմն է համարում անգամ 7 դրամով էլեկտրաէներգիայի թանկացումը


Տնտեսագետ Արտակ Մանուկյան, արխիվ

Տնտեսագետ Արտակ Մանուկյան, արխիվ

Արտակ Մանուկյանը կասկածի տակ է առնում նաև նախորդ տարիներին արված թանկացումների հիմնավորումները։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ով բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ներկայացրած հոսանքի թանկացման հայտում, պնդում է, թե անհիմն է անգամ յոթ դրամով թանկացումը։

«Հիմնավորողը պետք է լինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսինքն՝ իմ համար, որպես սպառող, իր հաշվարկները պետք է լինեն հիմնավոր, բայց այդ հիմնավորվածությունը ես հիմա չեմ զգում», - ասաց Մանուկյանը։

ՀԷՑ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով առաջարկել էր էլեկտրաէներգիան թանկացնել 17 դրամով։ Բազմաթիվ բողոքներից ու քննարկումներից հետո երեկ ՀԷՑ-ի հայտը ուսումնասիրող հանձնաժողովը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17, այլ մոտավորապես 7 դրամով: Հանձնաժողովը պատրաստվում է այս որոշումը հաստատել մեկ շաբաթից։

Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պնդել էր, որ ռուսական ընկերության կուտակած ավելի քան 109 միլիարդ դրամի պարտքի մի մասը՝ մոտ 37 միլիարդ դրամը պետք է վճարվի սպառողների հաշվին, քանի որ այն գոյացել է ոչ թե ՀԷՑ-ի վատ կառավարման, այլ ատոմակայանի 88-օրյա դադարի ու սակավաջրության հետևանքով։

Արտակ Մանուկյանը կասկածում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը հանրությանը կներկայացնի սակավաջրության, դոլար-դրամ փոխարժեքի տատանումների կամ ատոմակայանի ժամանակավոր դադարի հետևանքով ՀԷՑ-ի կրած վնասների կոնկրետ հաշվարկները։

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը բավականաչափ երկար տարիներ աշխատավարձ է ստացել, ու ոչ մի քայլ՝ նման կարգի տեղեկատվությունը թափանցիկ դարձնելու բոլոր սպառողների համար, որ ամեն մեկը հասկանա, որ արդարացիորեն է այդ սակագինը ձևավորվել, մինչև այսօր չի արել», - ասաց տնտեսագետը։

Նա, հաշվի առնելով հանձնաժողովի ոչ թափանցիկ գործելաոճը, կասկածի տակ է առնում նաև նախորդ տարիներին արված թանկացումների հիմնավորումները։

«Ինչու՝ որովհետև մենք հիմա կենտրոնացել ենք, օրինակ, ՀԷՑ-ի վրա, բայց նույն ձևի այդ խնդիրները, որոնք որ մենք նշում ենք՝ շուկայականից բարձր [գնով] ձեռքբերումներ և այլն, բացառված չէ, որ լինի նաև արտադրող ընկերություններում, օրինակ՝ ատոմակայան, ՋԷԿ, Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, քանի որ դրանք ազդում են գնի վրա։ Առանց վստահ լինելու, որ էս ողջ շղթայում չկան կոռուպցիոն ռիսկեր, չի կարելի խոսել, ասել՝ օբյեկտիվ է կամ սուբյեկտիվ է։ Կոռուպցիոն մի քանի բացահայտումներ արդեն իսկ ներկայացվեց, և դրանցից որոշները, այնուհանդերձ, ներառվել են սակագնի մեջ», - ասաց Մանուկյանը։

XS
SM
MD
LG