Մատչելիության հղումներ

Ուկրաինան հետ է քաշել ծանր զինտեխնիկան


Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասին սահմանակից տարածքից դուրս են բերել ծանր զինտեխնիկան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Կուշնիրը: Նա հավելել է, որ այժմ այդ տարածքում մշտադիտարկում են իրականացնում ԵԱՀԿ-ի դիտորդները:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Անդրիյ Լիսենկոն տեղեկացրել է, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ վերջին 24 ժամում սպանվել է 8 զինծառայող, 5-ը վիրավոր է: Ուկրաինական աղբյուրները նշում են, որ անցած մեկ օրում անջատականները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 40 անգամ՝ կրակ բացելով ուկրաինական բանակի դիրքերի, նաև՝ բնակավայրերի ուղղությամբ:

Երեկ անջատականները կրակ են բացել Դոնբասի շրջանում՝ Կույբիշևի, Հորլովկայի և մի քանի այլ բնակավայրերի ուղղությամբ: Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Վիկտոր Յահունը Ուկրաինա-ՆԱՏՕ ներկայացուցչությունների հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիները Դոնբասում կազմում են անօրինական զինված խմբավորման 60 տոկոսը: Նրա խոսքով, ուկրաինական տարածքում անօրինական զինված խմբավորումների կազմում 42 հազար մարդ է ներգրավվել:

Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով վաղը նախատեսված է Նորմանդյան քառյակի ներկայացուցիչներից կազմված շփման խմբի հանդիպումը: Հանդիպմանն ընդառաջ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները շփման խմբին են փոխանցել առաջարկ՝ կապված Ուկրաինայի Սահմանադրության փոփոխությունների հետ: Մասնավորապես, առաջարկում են օրենքով համապատասխան ցանկում ներառել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքում գտնվող քաղաքների ու այլ բնակավայրերի անունները: Առաջարկի հեղինակները նաև հատուկ ընդգծել են, որ «Տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքի ընդունումից հետո չպետք է նախատեսվի գործարկման որոշակի ժամկետ:

Ըստ առաջարկի, օրենքով պետք է տեղական ինքնակառավարման մարմնին ընձեռել ոստիկանական համակարգ հիմնելու, ռուսերենի գործածության, բնական պաշարների և տնտեսական հարցերը կարգավորելու հնարավորություն:

Ուկրաինայի Սահմանադրության փոփոխությունից հետո Դոնբասին հատուկ կարգավիճակ ընձեռելու որոշումը փետրվարին Մինսկում ստորագրված համաձայնագրի կետերից մեկն էր: Մարտին Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում էր կայացրել ուկրաինական օրենքներին համապատասխան հանրաքվե անցկացնել՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ բնակավայրերին հատուկ կարգավիճակ ընձեռելու վերաբերյալ: Սակայն Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները կտրուկ ընդդիմացել էին ուկրաինական օրենքների ուժով հատուկ կարգավիճակի որոշմանը:

Դոնեցկում մարդիկ ընտանիքներով են պատսպարվում ռումբերի պայթյունների ժամանակ: Պատերազմական իրավիճակն անչափահաս երեխաների ներկան է: Ծնողները ուշի ուշով են հետևում, թե քաղաքական բանակցություններն ինչպես են ընթանում, ինչ պահանջներով է հանդես գալիս Արևմուտքը, ինչպես է արձագանքում Պուտինը, ինչ են խոսում Պուտինի մասին: Մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքները փորձում են հնարավորության դեպքում Ուկրաինայից բերել երեխաների հատուկ խնամքի համար անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ մանկական հատուկ սնունդ:

«Ուկրաինայում ենք գնումներ կատարել և տեղափոխել Դոնեցկ: Հիմա դա հնարավոր է անել միայն սոցիալական քաղաքականության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո, ընդ որում, մենք դա անում ենք համապատասխան կազմակերպության միջոցով: Այսինքն, մենք մեզ համար չենք կարող պարզապես ինքնակամ ապրանքներ բերել», - վկայում է երիտասարդ մի կին:

Դոնբասում նույնիսկ ապաստարաններում են մարդիկ ահաբեկվում՝ կրակոցների և պայթյունների ձայներից:

«Ապաստարանում ես այնպիսի ահավոր ձայներից արթնացա, նույնիսկ չհասկացա՝ ինչ էր կատարվում, և ամբողջ օրն էր այդպես», - պատմում է տարեց կինը, որն արդեն մեկ տարի է՝ ապրում է պատերազմական գոտում:

5-ամյա աղջիկն է վկայում, թե ինչ է տեղի ունենում. - «Այնտեղ այնպիսի ուժեղ պայթուցիկներ են»: Ապաստարաններում իրենց ապահովությունը փնտրող երեխաները պատերին թողնում են խաղաղություն կոչ անող գրություններ:

XS
SM
MD
LG