Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփանակերտում վթարային շենքերի բնակիչների խնդիրը շարունակում է չլուծված մնալ


Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի 120 և 120ա վթարային շենքերում բնակվող 124 ընտանիքները տասնյակ տարիներ ապրում են այդ շենքերում՝ կառավարությունից անընդմեջ խոստումներ լսելով նոր բնակարան ստանալու կամ շենքի բարեկարգման մասին:

Հանրակացարանների մեկ կամ երկու սենյականոց բնակարաններում մի քանի ընտանիքներ են ապրում, բնակիչները բողոքում են շենքային պայմաններից, սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով շենքում հաճախ համաճարակներ են տարածվում: Քանի որ շենքը վթարային է, գազ էլ անցկացված չէ:

«Ցրիվ եկած, ամեն ինչ շուռ է գալիս, անձրև է գալիս, ջուրը լցվում է տուն, հարմարություն չկա երեխաները խաղան, պետությունը ասում է՝ սպասեք, սպասում ենք, տեսնենք»,- ասում էր բնակիչներից մեկը։

«Գալիս են, նայում են, նկարում են, ոչ մի բան չի ստացվում»,- հավելեց մեկ ուրիշը։

Ավելի քան մեկ տարի առաջ շենքի բնակիչները հանդիպել են վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետը հայտարարել է, թե պետք է քաղաքացիները պետության հնարավորություններին տեղյակ լինեն և ըմբռնումով մոտենան կառավարության որոշումներին: Շինարարության համար նախատեսված 11 միլիարդ դրամով չեն կարող բոլոր խնդիրները լուծել, ասել է վարչապետը՝ միաժամանակ խոստացել, թե շուտով բնակիչների հարցը կլուծվի՝ մի մասին նոր բնակարաններ կհատկացվեն, իսկ ազատված սենյակները կտրամադրվեն շենքում մնացած ընտանիքներին:

Բնակիչներն ասում են՝ այս ընթացքում սայլը տեղից այդպես էլ չի շարժվել, վերջերս էլ՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ թեկնածուները եկել, խոստումներ են տվել, ընտրություններից մեկ ամիս անց նրանցից լուր չունեն:

«Ընտրության ժամանակ որ գալիս են, սաղ գալիս են, խոսք են տալիս, մենք էլ ուրախանում ենք, ասում ենք մի լույս կբացվի, նորից էլի նույնը»:

«Կառավարությունը մեզ էլ մի թեթև նայի էլի, զգա, որ մենք էլ ենք մարդ, միգուցե մեր շենքում ղեկավարներից մարդ ապրեր, մեզ մասին հոգային, բայց դա չկա, բանվոր դասակարգ է»:

Լեռնային Ղարաբաղի կառավարության բնակարանային հարցերի վարչության պետ Արթուր Մուսայելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ շենքի վերակառուցման համար բոլոր փաստաթղթերը պատրաստ են, շենքը գույքագրել են, ճշտել են բնակիչների թիվը, բայց թե վերակառուցումը երբ կսկսվի՝ հստակ ժամկետ դեռ չկան:

«Ժամկետ հստակ չեմ կարող ասել հիմա, ակնկալում ենք, որ ամենաուշը մի երեք ամսից վերակառուցման աշխատանքները սկսված լինեն արդեն»,- ասաց պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG