Մատչելիության հղումներ

Պղնձաձուլարանի գործունեության հետևանքով Ալավերդիում հղիություններն ավելի ռիսկային են


Հայաստանի ամերիկյան համալսարանի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծանր մետաղներով հարուստ Ալավերդիում գրեթե 3 անգամ ավելի բարձր են վաղ նորածնային մահացության, մեռելածնության, բնածին արատների ռիսկերը և բժիշկների ցուցումով արհեստական վիժումները՝ մետաղական արդյունաբերություն չունեցող Արթիկի համեմատ:

Համալսարանի առողջապահության ֆակուլտետի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանն անձամբ է ղեկավարել հետազոտությունը։

«Մենք համեմատել ենք Արթիկը և Ալավերդին ու կապ ենք հայտնաբերել Ալավերդիում ապրելու և ավելի վատ վերարտադրողական առողջություն ունենալու միջև», - ասաց Վարդուհի Պետրոսյանը:

Ամերիկյան համալսարանը նախկինում Ալավերդիում հետազոտություն էր արել ու պարզել, որ բնակելի տարածքներում ծանր մետաղների և ծծմբի երկօքսիդի քանակությունը մինչև 13 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը։ Մասնագետը, մատնանշելով միջազգային փորձը, պնդում է, որ մկնդեղը, կապարը և կադմիումը, որոնք առկա են Ալավերդու հողում, կարող են ազդել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու վերարտադրողական ֆունկցիաների վրա։ Հետևաբար, ալավերդցի 370 կանանց շրջանում արած հետազոտության արդյունքները համալսարանի մասնագետների համար սպասելի էին:

Վարդուհի Պետրոսյանը հավելում է, որ հարցված կանանց ավելի շատ հուզում է Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրը, քան իրենց առողջությունը, թեև հենց այդ գործարանն է պատասխանատու ծանր մետաղների առկայության համար: Այսօր գործարանում մոտ 500 մարդ է աշխատում։ Դա տարածքի միակ խոշոր գործատուն է։

«Մեր բոլոր հետազոտությունների ժամանակ էլ նկատել ենք, որ բնակչությունը խիստ մտահոգված է, որ հանկարծ ձուլարանը չփակվի: Նույնիսկ մեզ ասում էին, որ ավելի լավ է հիվանդությունից մահանալ, քան սովից: Իհարկե հասկանում եմ՝ աշխատանք չլինելու պատճառով, մեր համայնքների բնակչությունը խիստ ձայնազուրկ է և խիստ վախեցած է: Շատերը չէին ցանկանում մասնակցել հետազոտությունը՝ վախենալով, որ իրենց ամուսինը կկորցնի աշխատանքը», - ասաց Ամերիկյան համալսարանի առողջապահության ֆակուլտետի փոխդեկանը:

Ալավերդու բնակիչներից մեկը, ում ամուսինն աշխատում է պղնձաձուլական գործարանում, դժվարությամբ համաձայնեց «Ազատության»-ը հարցազրույց տալ՝ անունը չհրապարակելու պայմանով։ Ասաց, որ հինգ տարի չի կարողացել հղիանալ։ Բուժման մեծ ծախսերից հետո հաջողվել է հաղթահարել թե՛ իր և թե՛ գործարանում աշխատող ամուսնու առողջական խնդիրներն ու արդեն մի քանի ամսական երեխա ունեն։ Կարծում է, որ թունավոր արտանետումներով գործարանում աշխատելը ամուսնու մոտ կարող էր վերարտադրողական խնդիրներ առաջացնել, սակայն այդ մասին երբևէ պաշտոնական տվյալներ չի լսել ու բարձրաձայն չի խոսել․ - «Դե թունավոր գազ ա, հենց կրակի մոտ է աշխատում, կարող է՝ դա էլ ազդած լիներ իր վրա»:

Կցանկանար, որ ընդամենը 120 հազար դրամ աշխատավարձ ստացող ամուսինը գործարանում չաշխատեր ու չվտանգեր առողջությունը, բայց այլընտրանք չունեն․ - «Շատ կուզենայինք, որ ինքը այլ տեղ աշխատեր, բայց քանի որ Ալավերդին փոքր քաղաք է, ուրիշ աշխատատեղեր չկան, ստիպված ինքը էդտեղ է աշխատում հիմա»:

Ամերիկյան համալսարանի առողջապահության գծով մասնագետ Վարդուհի Պետրոսյանը արդյունաբերողների կողմից պատասխանատու վերաբերմունք չի տեսնում։ Ըստ նրա, Ալավերդու գործարանի տնօրինությունը ուլտիմատումի լեզվով է խոսում բնակչության հետ․ - «Ասում են, եթե հարց լինի՝ արդյոք պետք է մոդեռնիզացնել սարքերը, թե փակել, իրենք կփակեն: Դա ուլտիմատում է բնակչությանը: Մենք ուզում ենք վեր հանել խնդիրները, ու որ պատկան մարմինները, ովքեր պատասխանատու են հետևելու համար, աշխատեն ինդուստրիայի հետ, որպեսզի իրենք եղած օրենսդրությանը համապատասխան գործեն»:

Հիշեցնենք, որ Ալավերդիում պղնձի արտադրությամբ զբաղվող ACP ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանն «Ազատության»-ն ասել էր, թե քանի դեռ չունեն ծծմբաթթվի իրացման շուկա, պղնձաձուլարանի արդիականացման համար ծախսեր չեն անի. - «Մեզ համար տեսանելի չեն այն լուծումները, որոնք կարող են հանգեցնել բնապահպանական խնդրի վերջնական լուծման»:

Ընկերության գործադիր տնօրենը, միաժամանակ, առաջ քաշելով 500 ալավերդցիների աշխատանք ունենալու հարցը, պնդել էր, թե գործարանն իրենց համար ոչ թե շահույթ ապահովելու միջոց է, այլ սոցիալական ծրագիր, և կարող են փակել այն՝ առանց «ցավ զգալու»։

«Ցանկացած պահի, երբ հարցը խիստ դրվի, որ կամ պետք է գործարանը փակվի, կամ շարունակի աշխատել ավելի արդիական տեխնոլոգիաներով, առնվազն այս պայմաններում ընտրությունը մեր տեսակետից պարզ է, և տնտեսական առումներով դա մեզ համար մեծ ցավ չի լինի», - ասել էր ընկերության տնօրենը:

XS
SM
MD
LG