Մատչելիության հղումներ

ՌԴ-ին և Քաթարին առաջնություններն անցկացնելու իրավունքից զրկելու հիմքեր «դեռ չկան»


Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, նախագահ Վլադիմիր Պուտինը, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը քննարկում են «Լուժնիկի» մարզադաշտի վերակառուցման հարցը, արխիվ, Մոսկվա, 18 հոկտեմբերի, 2014թ.

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, նախագահ Վլադիմիր Պուտինը, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը քննարկում են «Լուժնիկի» մարզադաշտի վերակառուցման հարցը, արխիվ, Մոսկվա, 18 հոկտեմբերի, 2014թ.

ՖԻՖԱ-ն պարզաբանել է, որ չնայած վերջերս պայթած կոռուպցիոն աննախադեպ սկանդալին, նախագահ Զեպ Բլատերի հրաժարականին, բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանն ու ամերիկացի և շվեյցարացիների քննիչների հարուցած քրեական գործերին, այսօրվա դրությամբ դեռ չկան Ռուսաստանին ու Քաթարին աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնություններն անցկացնելու իրավունքից զրկելու հիմքեր։

«Ռուսաստանը և Քաթարը ՖԻՖԱ-ի Գործադիր կոմիտեում դեմոկրատական ընթացակարգով` քվեարկությամբ են վաստակել առաջնություններն անցկացնելու հնարավորությունը, փորձագետների կարծիքներն ուսումնասիրելուց ու փաստերին ծանոթանալուց հետո ՖԻՖԱ-ն չի հայտնաբերել Ռուսաստանին և Քաթարին առաջնությունների անցկացումից զրկելու համար անհրաժեշտ իրավական հիմնավորումներ»,- ասել է կառույցի պաշտոնյան CNN հեռուստաընկերությանը։

ՖԻՖԱ-ի աուդիտի և օրենքների կատարման բաժնի ղեկավար Դոմենիկո Սկալան նախօրեին Sonntags Zeitung շվեյցարական պարբերականին ասել է, որ նշված երկրներից աշխարհի գավաթի անցկացումը խլելու համար անհրաժեշտ կլինեն հստակ փաստեր, որոնք կապացուցեն, որ Գործադիր կոմիտեում քվեարկությունն ազնիվ չի եղել և առաջնություններն անցկացնելու իրավունքի դիմաց գումար է վճարվել։

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն այսօր ասել է, թե այս ամբողջ աղմուկն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Ավելի վաղ նա պնդել է, թե ռուսներն ազնվորեն են վաստակել 2018 թվականի առաջնության իրավունքը։

Մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյա է ձերբակալվել։ Շվեյցարացի իրավապահները հետաքննում են 2018 և 2022 թվականների առաջնությունները հյուրընկալող երկրների ընտրության հանգամանքները։

Սկանդալին նոր երանգ է հաղորդել լուրը, որ Իռլանդիան կաշառք է ստացել ֆրանսիացի Տիերի Անրիի ձեռքով խաղալու փաստով բողոքը չշարունակելու համար և, իբրև թե անձամբ Բլատերն է ներքաշված այդ կաշառքի գործում։

Մինչդեռ, արևմտյան մամուլում կան նաև բոյկոտի մասին վերլուծություններ։ Ռուսաստանի ու Քաթարի առաջնությունները գուցե և կմնան ուժի մեջ, սակայն որոշ ֆեդերացիաներ, մասնավորապես՝ եվրոպական և հարավամերիկյան երկրներից, կարող են առաջարկել բոյկոտի տարբերակը և այլընտրանքային մրցաշարեր անցկացնել։

Ֆուտբոլի պատմության ընթացքում դեռ ոչ մի անգամ որևէ երկրից առաջնություն անցկացնելու իրավունքը չեն խլել, մեկ անգամ առաջնության վայրը փոխվել է. 1986 թվականին աշխարհի գավաթը պետք է խաղարկվեր Կոլումբիայում, սակայն այդ երկրի ծանր տնտեսական իրավիճակի բերումով դա տեղի ունեցավ Մեքսիկայում, ընդ որում՝ որոշումն ընդունվել էր հենց Կոլումբիայի կառավարության խնդրանքով։

Ռուսաստանում 2018-ի առաջնությունը պետք է անցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Եկատերինբուրգում, Սամարայում, Սոչիում և Դոնի Ռոստովում։

The Wall Street Journal հանդեսի մեկնաբան Բրեթ Սթիվենսը կարծիք է հայտնել, որ աշխարհի առաջնությունը պետք է խափանել նախագահ Վլադիմիր Պուտինին «տեղը դնելու համար»։

«Դիկտատորները շատ են սիրում լայնածավալ միջազգային մարզական միջոցառումները, դրանց միջոցով դիկտատորներն ինքնահաստատվում են, դրանք դիկտատորներին լեգիտիմություն և արիություն են հաղորդում։ Ինչո՞ւ չսպառնալ առաջնության բոյկոտով, եթե այդ երկրի զորքը տակավին գտնվում է Ուկրաինայում»,- գրել է Սթիվենսը։

Նրա համոզմամբ, շարքային ռուսաստանցիները, ֆուտբոլի երկրպագուներն անտարբեր չեն մնա։

«Ռուսաստանցիներին ֆինանսական նոր ավերներով և զրկանքներով չես զարմացնի, նրանք ավելի վատ օրեր էլ են տեսել, նրանց վերադաստիարակել է պետք, նրանց անհրաժեշտ է բացատրել, թե ինչպես պետք է արդիական աշխարհում իրեն պահի գերտերության դերի հավակնող երկիրը»,- գրել է մեկնաբանը։

Սթիվենսի կարծիքով, շարքային ռուսաստանցիներն իրենց ղեկավարներից բարեպաշտություն, իհարկե, չեն ակնկալում, բայց ուզում են Ռուսաստանը տեսնել գերհզոր, համաշխարհային տերություն։

2018 թվականի առաջնության բոյկոտը կամ առաջնությունը կոռուպցիոն գործարքով վաստակելու համար առաջնությունից զրկվելու իրողությունը ռուսներին ցույց կտա, թե ինչ հետևանքներ են լինում, երբ երկիրը ղեկավարում են անարժան մարդիկ։

Սթիվենսը համոզված է, որ Միացյալ Նահանգները կարող է դիմել նաև այլ քայլերի` մարտական զենք տրամադրել Ուկրաինային կամ 10-50 անգամ ընդարձակել «Մագնիտսկու ցուցակը», որ Պուտինի վարկանիշն իջնի հենց Կրեմլում։

«Պուտինին հնարավոր է հեռացնել իշխանությունից միայն այն դեպքում, երբ նրա դեմ կըմբոստանան ոչ միայն Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի մտավորականությունն ու միջին խավը, այլ «մնացած երկիրը», կհեռացնեն ոչ թե այն պատճառով, որ Պուտինը նրանց աղքատացրել է, այլ որովհետև ստորացրել է նրանց»,- կարծիք է հայտնում The Wall Street Journal-ի մեկնաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG