Մատչելիության հղումներ

logo-print

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է «համարժեք պատասխան տալ իշխանությանը»


Քաղաքացիական նախաձեռնությունը, սակայն, փակագծերը չի բացում:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը խոստանում է հունիսի 19-ի հանրահավաք-երթի ժամանակ համարժեք պատասխան տալ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրանալու մասին հայտարարությանը։

Քաղաքացիական նախաձեռնությունը, սակայն, փակագծերը չի բացում: «Քայլերը միանշանակ կախված են իրենց գործողություններից: Այսինքն՝ եթե դուք մեր դեմ կգործեք՝ մեզ վնաս պատճառելով, մենք էլ կգործենք ձեր դեմ՝ ձեզ վնաս պատճառելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

Հիշեցնենք, էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի ներկայացրած հայտի ուսումնասիրությունը դեռ չավարտած՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ հայտարարեց, որ սակագինը մոտ 7 դրամով կբարձրանա, քանի որ ՀԷՑ-ը 37 մլրդ դրամի վնաս է կրել «ատոմակայանի 88-օրյա դադարի ու սակավաջրության հետևանքով»։

Նազարյանի այս հիմնավորումները զայրացրել են «Ո՛չ թալանին» շարժման անդամներին: Ակտիվիստներն ընգծում են, որ նախորդ տարի, երբ կրկին էլեկտրաէներգիայի թանկացման հարցն էր դրված, և իրենք պայքարի էին դուրս եկել, հանձնաժողովը նույն հիմնավորումները ներկայացրեց, և որոշեց պարտքը մարել սպառողների հաշվին՝ 4 դրամով բարձրացնելով սակագինը։

«Իրենք մտածում են, որ մենք մոռացած կլինենք անցած տարվա բերած իրենց հիմնավորումը, որը նույնպես անտեղի էր», - ասաց Վաղինակ Շուշանյանը:

Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը հավելեց․ - «Ոչ մի լումա չենք հանդուրժելու, որովհետև իրենց այդ շուկայական հարաբերություններին սովոր ենք արդեն: Որ սկզբնական թիվ դնում են մեծ, հետո սակարկելով, իբր լավություն անելով ժողովրդին, իջեցնում են ավելի փոքր, բայց իրենց հարմար գումարի»:

Մինչ ակտիվիստները առաջիկա հանրահավաքին «բարձր լարում» են խոստանում, փորձագետներն ու տնտեսագետները փաստում են, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը 100 տոկոսով «ԻՆՏԵՌ ՌԱO ԵԷՍ» ռուսաստանյան ընկերությանը թողնելը հղի է աղետալի հետևանքներով։

Այդ ընկերությունն իր ֆինանսական հաշվետվություններում ամեն տարի շոշափելի կորուստներ է արձանագրում։ Այսպես, 2012 թվականին այն կրել է 22 մլրդ, իսկ 2013-ին՝ 24 մլրդ ռուբլու վնաս։

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանի կարծիքով, այստեղ գործ ունենք անհեռանկարային ընկերության հետ․ - «Մենեջմենթը շատ վատ ա, փնթի ա: Եվ չի էլ կարող լինել ռուսական մենեջմենթը լավ»:

Մասնագետները պնդում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը անգամ 17 դրամով չի կարող փակել ՀԷՑ-ի պարտքը, քանի որ ընկերությունը վատ կառավարման պատճառով ամեն օր մեծացնում է այդ թիվը։

«Ընդհանուր առմամբ, էներգետիկական համակարգում արդիականացման լուրջ նախագծեր չեն իրականացվել: Եղած նախագծերը նպատակ են հետապնդել ընդամենը որոշակի նորոգումների, պարզապես վթարներից խուսափելու», - ասաց Աշոտ Եղիազարյանը:

Այն, որ ՀԷՑ-ը մենեջմենթի ու արդյունավետ կառավարման խնդիր ունի, փաստում են նաև Հայաստանի իշխանությունները: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նույնիսկ հայտարարել էր ընկերությունում առկա գողության մասին։

Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պնդել էր, որ ՀԷՑ-ի ներկայացրած հայտում շռայլություններից ու չհիմնավորված ծախսերից բացի, նաև հորինած թվեր են եղել։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին ամենևին չի զարմացնում, որ չնայած արձանագրված փաստերին՝ ռուսաստանյան ընկերությունը հայաստանյան շուկայում պահպանում է մոնոպոլիստի կարգավիճակը։ Ըստ փորձագետի, խնդիրը քաղաքական է․ 2005 թվականին ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործընթացն ի սկբանե եղել է Ռուսաստանի ճնշման տակ, իսկ պայմանագիրը գաղտնի է պահվել հասարակությունից․ - «Բացարձակապես թաքուն ընթանում են բանակցությունները 100 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու ուղղությամբ: Սա ես շեշտում եմ, որովհետև բացարձակապես հակասում է Հայաստանի ստանձնած պարտավորություններին և օրենսդրության պահանջներին»:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, մինչդեռ, խոստանում են էլեկտրաէներգիայի թանկացման հարցը թեժ քննարկման առարկա դարձնել նաև խորհրդարանում ուրբաթ օրը կայանալիք լսումների ժամանակ: Ակնկալվում է, որ լսումներին ներկա կլինի ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG