Մատչելիության հղումներ

Համազգային թատրոնի շինարարությունը ձգձգվում է


Շինարարության համար մոտ 4 միլիոն դոլար է պետք: Թատրոնը հավաքել է 10 հազար դոլար, մնացածը խոստացել է տրամադրել Մշակույթի նախարարությունը:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը կառուցելու հետ կապված բոլոր խոչընդոտները հարթվել են, հաստատվել է նոր նախագիծ, և այժմ մնացել է ամենագլխավոր խնդիրը՝ Կառավարությունը չի կարողանում հատկացնել շենքի կառուցման համար վաղուց խոստացված ֆինանսավորումը:

Մշակույթի նախարարությունից դեռ չեն շտապում պատասխանել՝ ինչն է ձգձգման պատճառը: Քաղաքապետարանն էլ ասում է, թե իրենց գործը տարածք տրամադրելն էր, ինչն էլ արվել է: Տարիներն անցնում են, գլխավոր պողոտան, որի մի մասում էլ պետք է կառուցվեր թատրոնը, այսօր հիմնովին քանդվում է բարեկարգման նպատակով, և թատրոնի ղեկավարությունն անհանգստանում է՝ հանկարծ տարածքն այս ընթացքում այլ նպատակով չօգտագործեն:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե սեփական ուժերով են փորձում փող հայթայթել՝ գոնե շինարարության մեկնարկը տալու համար, սակայն առայժմ հաջողվել է հավաքել ընդամենը 10 հազար դոլար, մինչդեռ նախնական հաշվարկներով, 4 միլիոն դոլար է հարկավոր նախագծի իրականացման համար:

«Մենք կկարողանանք ընդհանուր բյուջեի գոնե 20-25 տոկոսը հայթայթել: Այսինք, այդ համազգային դրամահավաքը դա կարող է ապահովել, բայց մնացած 70-75 տոկոսը մենք ակնկալում ենք պետական աջակցությունից, ինչպես նաև՝ խոշոր անհատների նվիրատվություններից: Մենք ունենք ամենաբարձր մակարդակի խոստումներ, որ պետական աջակցություն լինելու է», - ասաց թատրոնի տնօրենը:

«Տառապանքս փորձ ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց մշակույթի նախկին փոխնախարար, թատերագետ Կարինե Խոդիկյանը՝ հավելելով, որ շատ ուրախ կլինի, եթե գոնե մեկ անգամ իր կանխատեսումը իրականություն չդառնա, և գլխավոր պողոտան բարեկարգվելուց հետո իրոք դառնա հանրային տարածք, թատրոնն էլ իր տեղը գտնի այդ վայրում:

«Եվ դա հղի է մռայլ կանխատեսումներով, գոնե ինձ համար: Կդառնա գերակա շահ ու կպարզվի, որ այդտեղ պետք է կառուցվի հասարակությանը շատ անհրաժեշտ հերթական մի հյուրանոցը կամ էլիտար շենքը», - ասաց Կարինե Խոդիկյանը:

Ի դեպ, եթե պետական այրերը տեր կանգնեն իրենց խոսքին, Համազգայինը կլինի նորանկախ Հայաստանում կառուցված առաջին թատրոնը:

Թատրոնի շուրջ աղմուկ բարձրացավ դեռ երեք տարի առաջ: Ճարտարապետների մի խումբ պնդում էր, թե Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծն այսպիսի կառույց չի նախատեսել․ շինությունը կփակի դեպի Մանկական երկաթուղի տանող երկու թունելները, որոնք Հրազդանի կիրճից մաքուր օդ են փոխանցում քաղաքի կենտրոնին: Բնապահպաններն էլ վրդովվում էին, թե շինությունը կառուցվում է կանաչ տարածքների հաշվին:

Այս ամենի արդյունքում նախագիծը փոխվեց: Այսօր բնապահպան ակտիվիստները դադարել են բողոքել, իսկ ժամանակին ընդդիմացող ճարտարապետների, այդ թվում՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համար թատրոնի շենքն այլևս խնդրահարույց չէ:

Համազգային թատրոնի տնօրենի կարծիքով՝ դա արհեստածին խնդիր էր, թատրոնը պարզապես կռվախնձոր էր ճարտարապետների համար:

«Հիմա դուք տեսնում եք մակետը, մետրոյի հեռանկարային գծի վրա թատրոնի շենք կա՞: Իհարկե՝ ոչ, թատրոնի շենքը տեղափոխված է ձախ անկյուն: Էստեղ ծառապատ գոտի չկա, հողագունդ է», - ասաց Վարդան Մկրտչյանը:

Տարիներն անցնում են, խնդիրները լուծվել են, սակայն պետական բյուջեում այդպես էլ տող չի հայտնվել՝ թատրոնի կառուցումը սկսելու համար: Ստեղծագործական խմբի միակ հույսն էլ ամենաբարձր մակարդակով տրված խոստումներն են:

Մշակույթի նախկին փոխնախարար Խոդիկյանը ցավով է նշում՝ խոստումները գնացին Սոս Սարգսյանի հետ․ - «Գիտեր, որ թողնում է անտեր, ու երևի հոգին վկայում էր, որ էդ խոստումները, որ տալիս են, ասում են՝ Սոս Արտաշեսովիչ, ամեն ինչ լավ կլինի, բայց ինքը երևի իմաստուն մարդ էր և կարողանում էր թացը չորից ջոկել»:

XS
SM
MD
LG