Մատչելիության հղումներ

ՌԴ և ՀՀ իրավապահների անգործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ԱԱԾ


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի կապակցությամբ ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների անգործության վերաբերյալ։

Կազմակերպությունը հայտարարում է, որ ռուս սահմանապահները սահմանախախտին ձերբակալելու լիազորություն չունեն, կարող են բռնել, հետո պետք է կանչեն ՀՀ Ազգային անվտանգության մարմիններին և նրանց փոխանցեն իրավախախտին:

Կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը, ով նաև Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչն է, նշում է, որ ռուսական կողմը մի շարք այլ դեպքերում սահմանը հատելու փորձ կատարողների մասին տեղյակ է պահում հայկական կողմին, սակայն Պերմյակովի պարագայում դա չեն արել, ինչն էլ հիմք է, որ քրեական գործ հարուցվի:

«Պերմյակովին Հայաստանին չհանձնելը և 102-րդ ռազմաբազայում պահելը իր մեջ պարունակում է հանցագործության մի շարք հատկանիշներ։ Սա հիմք հանդիսացավ, որ դրա վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնենք։ Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ չի ձեռնարկել Պերմյակովին պահանջելու ուղղությամբ։ Երբ Պերմյակովը փորձ է կատարել Հայաստանի և Թուրքիայի սահմանը հատելու, մեր կարծիքով՝ հատելու պահին ձերբակալելու և 102-րդ ռազմաբազա տեղափոխելու պահին կատարվել է հանցագործություն։ Ըստ համապատասխան իրավական նորմերի՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողները պարտավոր էին ահազանգել և տեղեկացնել ԱԱԾ-ին և հանձնել տվյալ անձին, որը փորձ էր կատարել հայ-թուրքական սահմանը հատել»,- ասաց Զալյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մի շարք միջպետական համաձայնագրեր ու օրենքներ է մեջբերել՝ հիմնավորելու, որ քրեական գործ պետք է հարուցել այդ փաստով: Փաստաբանը ոչ միայն ռուս, այլ նաև հայ իրավապահների գործողությունների թերացումներն է մատնանշում։

«Գտնվելով 102-րդ ռազմաբազայում՝ ՀՀ իրավապահ մարմինները, որոնք պարտավոր էին նրան սահմանը հատելու փորձի համար ձերբակալել և համապատասխան քննչական գործողություններ կատարել, մատնվել են անգործության։ Այդ հիմքով պետք է հարուցվի քրեական գործ»,- ասաց Զալյանը։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք կընդունվեն միջնորդությունները և կհարուցվեն քրեական գործեր։ Համենայնդեպս, Արայիկ Զալյանը Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ սպանության գործի լիարժեք բացահայտման հարցում թերահավատ է՝ ընթացող նախաքննության ընթացքից ու տրամադրվող նյութերից ելենելով:

Նշենք, որ Ավետիսյանների սպանությանից մի քանի օր անց «Ազատությունը» հարցում էր ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն: Մոտ 5 ամիս անց ստացված պատասխանում, ըստ էության, որևէ տեղեկություն չկա։

Ավետիսյանների ընտանիքի սպանդից մոտ 5 ամիս անց մեղադրյալ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու պահանջը մնում է չբավարարված: Վերջինս 102-րդ ռազմաբազայում է պահվում, ու թեև ռուսական կողմը երկու ամիս առաջ պնդում էր, թե առաջիկայում ռուսական կողմի հարուցած քրեական գործերը դատարան կմտնեն, առայսօր հայտնի չէ, թե Պերմյակովը ռուսական զինվորական տրիբունալի առաջ երբ կկանգնի:

XS
SM
MD
LG