Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարան մտած երեք հայ պատգամավորներից ակնկալիքները «տարբերակված են»


Արևելագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 8-ը հունիսի, 2015թ.
Արևելագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 8-ը հունիսի, 2015թ.

«Պալյանին սատարող քաղաքական ուժը տարիներ ի վեր խոսել է Ցեղասպանության, Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորման մասին, հուսանք՝ շեշտակի փոփոխություններ տեղի չեն ունենա նրանց ծրագրերում», - ասաց արևելագետը։

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 65 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարանում միանգամից երեք հայ պատգամավոր կլինի. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶ) պատգամավորի մանդատ կստանա հայազգի լրագրող Մարգար Եսայանը, քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից (ԺԴԿ)` Գարո Փայլանը, իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից (ԺՀԿ)՝ Սելինա Դողանը։

Հայազգի երեք պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում ներկայացնում են երեք տարբեր քաղաքական ուժեր, հետևաբար, ըստ արևելագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի, նրանցից ակնկալիքները մեծ չեն։

«Բացառությամբ Գարո Փայլանի, որովհետև այն քաղաքական ուժը, որի ցուցակում նա կհայտնվի խորհրդարանում, ունի մյուսներից տարբերվող մոտեցում Հայոց ցեղասպանության և Հայաստանի Հանրապետության հետ հարցերում։ Հետևաբար, կարելի է տարբերակված ակնկալիքների մասին խոսել, երբ որ խոսում ենք այս երեք պատգամավորների մասին։ Փայլանին սատարող քաղաքական ուժը՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, տարիներ ի վեր խոսել է Հայոց ցեղասպանության մասին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, կարելի է հուսալ, որ շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա նրանց քաղաքական ծրագրերում, և նրանք կշարունակեն հավատարիմ մնալ այդ քաղաքական գծին», - «Ազատության» հետ զրույցում ասաց արևելագետը։

Անդրադառնալով Սելինա Դողանին՝ Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ ինքնին խոսուն է հենց այն փաստը, որ Դողանին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն առաջադրել է հենց այն ընտրատարածքում, որտեղ բավականին շատ հայեր են ապրում։

«Իսկ մյուս թեկնածու Մարգար Եսայանը երկար ժամանակ հավատարիմ է մնացել Էրդողանին, հետևաբար, կարելի է ասել, նա երկրորդ Էթյեն Մահչուփյան է, որովհետև երկուսն էլ հրապարակախոս են և ընդհանուր գծից շեշտակի շեղումներ ես չեմ ակնկալում Մարգար Եսայանի պարագայում», - ասաց արևելագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG