Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ական գործարար պատգամավորն ասում է՝ դեպի անդունդն է գնում


«Հրազդան» մարզադաշտի և տոնավաճառի սեփականատեր, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գործերը լավ չեն։ Ինչպես ինքն ասաց՝ դեպի անդունդն է գնում։

«Ոչ աշխատավարձ ենք կարողանում տալ, ոչ կոմունալ վճարներ կատարել, այսինքն գնում ենք անդունդ»,- ասաց հանրապետական պատգամավորը։

Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ։ Հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց և մոտ 60 միլիոն դրամով տուգանեց՝ հարկային պարտավորություններից խուսափելու համար։ «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ վերջերս բացեց «Առինջ մոլը», որից հետո Աղաբաբյանին պատկանող տոնավաճառից շատ առևտրականներ տեղափոխվեցին Ծառուկյանի տոնավաճառ, քանի որ այնտեղ տարածքը անվճար էր հատկացվում։ Ինչպես Աղաբաբյանն է ասում՝ իր կոլեկտիվին սնանկացրեցին։ Ինչ վերաբերում է հարկայինի տուգանքին, ապա կարծում է, որ այդտեղ սխալ կա։

Աղաբաբյանը թեև 60 միլիոն տուգանքը մուծել է, բայց մեղադրանքը չի ընդունում, Հարկայինի որոշման դեմ հայց է ներկայացրել դատարան։ Հանրապետական պատգամավորը չգիտի որտեղ մոտենա նախագահ Սարգսյանին ու պատմի, թե ինչ է կատարվում, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին այս պատմությանը չի ուզում խառնել։

Ինքը՝ Գալուստ Սահակյանը մի քանի օր առաջ ասաց, որ Աղաբաբյանի և Հարկային ծառայության վեճին չի խառնվելու, քանի որ այդ տեսակետից «նպաստավոր» մարդ չէ։ Մյուս բարձրաստիճան հանրապետականները ևս Աղաբաբյանի շուրջ կատարվող իրադարձություններից հեռու են մնում։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, օրինակ, հարցը լսելուն պես շտապեց իր գրասենյակ։

Սնանկացման մասին խոսող Աղաբաբյանի կուսակից, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարծում է, որ իրավիճակը ծայրահեղ չէ։ Նրա խոսքով՝ սովորական ստուգումներ էին, և միջամտելը ճիշտ չէր լինի։

«Չեմ կարծում, որ նեղացել է։ Ի՞նչ պետք է անեինք... գնայինք,ասեինք ստուգումներ մի կատարե՞ք»,- ասաց Բաղդասարյանը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ում թերևս ներքին հակամարտություն է գնում, կամ էլ Աշոտ Աղաբաբյանը ինչ-որ հարցում մեղավոր է։

«Այսինքն ինքը կարծո՞ւմ է, որ դատարանը Հայաստանում առաջնորդվում է ինչ-որ արդարադատության սկզբունքներով։ Եթե այդպես է կարծում, ուրեմն ինձ մնում է միայն ցավակցել և կանխատեսել, որ իր համար կբացահայտվի մեր արդարադատության համակարգի ողջ հմայքը»,- ասաց Զուրաբյանը։

Աղաբաբյանը սպասում է հուլիսին տեղի ունենալիք դատական նիստին։ Ասում է՝ եթե անգամ դատարանը իր օգտին որոշում կայացնի, դա թերևս ոչնչով չի օգնի, քանի որ հաճախորդների մեծ մասին կորցրել է, աշխատակիցներին էլ կրճատել։ Այդուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում լքել, քանի որ հիմնադիր անդամ է։

«Իսկ կուսակցության մեջ չի կարա՞ լինի, որ վեճեր լինեն»,- հարցրեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG