Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Քաթարը «կարող են կորցնել» աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը


ՖԻՖԱ-ի պաշտոնյա․ Ռուսաստանը և Քաթարը կարող են կորցնել Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

Ռուսաստանն ու Քաթարը կկորցնեն այդ իրավունքը, եթե նրանց օգտին կայացված որոշումներում կոռուպցիոն փաստեր հայտնաբերվեն։

ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանն ու Քաթարը կարող են զրկվել 2018 - 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններն իրենց մոտ անցկացնելու իրավունքից, եթե նրանց օգտին կայացված որոշումներում կոռուպցիոն փաստեր հայտնաբերվեն։

ՖԻՖԱ-ի Աուդիտի և վերահսկողության հանձնաժողովի ղեկավար Դոմենիկո Սկալան կիրակի օրը շվեյցարական Sonntagszeitung թերթի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է կասկածի տակ դրվում այդ երկրներում ֆուտբոլի առաջնություններ անցկացնելու արդեն ընդունված որոշումները։ Նա նաև նշել է, որ առայժմ նման փաստեր չեն հայտնաբերվել։

ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը պայթեց այդ կազմակերպության նախագահի ընտրության նախաշեմին։ Զեպ Բլատերը, ճիշտ է, վերընտրվեց, բայց վերընտրվելուց հետո հայտարարեց, թե հրաժարական է տալու։

Շվեյցարիայում ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի յոթ պաշտոնյաներ, որոնք կասկածվում են կաշառք ստանալու մեջ։ Գործում ներգրավված են ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ, հետաքննության ընթացքում կոռուպցիոն աղմկահարույց ռիսկեր են բացահայտվում. Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը 2010 թվականի աշխարհի առաջնությունն իր մոտ անցկացնելու նախաշեմին 10 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիային։ Կասկածվում է, որ փոխանցումը կաշառք էր, որպեսզի քվեարկության ժամանակ գումարը ստացած ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կողմ քվեարկեն առաջնությունը Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացնելուն։ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը 10 միլիոն դոլար փոխանցելու փաստը չի հերքում, բայց պնդում է, որ դա կաշառք չէր։

Օրերս Իռլանդիայում փաստաթղթեր հրապարակվեցին, որոնք ապացուցում են, որ Իռլանդիայի ֆուտբոլի ընկերակցությունը (FAI) 2010 թվականին 5 միլիոն եվրո է ստացել ՖԻՖԱ-ից և ևս 400 հազար եվրո՝ Իռալանդիայի ֆուտբոլի ընկերակցության տարածքային կենտրոնների համար։

Կասկածվում է, որ 2010 թվականի հունվարին ձևակերպված փոխանցումն արվել է որպես Ֆրանսիայի հետ խաղի ժամանակ անարդարության փոխհատուցում։ Այն ժամանակ՝ 2009 թվականի աշնանը, ֆուտբոլի աշխարհի առաջնության անցումային վճռորոշ խաղում, Թիերի Անրին, ձեռքով մշակելով գնդակը, խփեց ֆրանսիացիների հաղթական գոլը։ Իռլանդիան պահանջել էր վերանայել խաղը, ՖԻՖԱ-ն մերժել էր, ինչից հետո Իռլանդիայի ֆուտբոլի ընկերակցությունը հայտարարել էր, թե կդիմի սպորտի արբիտրաժային դատարան։

Ընկերակցության հրապարակած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՖԻՖԱ-ի հետ բանակցություններ են տեղի ունեցել՝ այդ խնդիրը կարգավորելու նպատակով։

Առաջին հանդիպմանը որոշվել է, որ բանակցությունները չպետք է հրապարակային լինեն, իսկ 2010 թվականի հունվարին ՖԻՖԱ-ն 5 միլիոն եվրո է առաջարկել Իռլանդիայի ֆուտբոլի ընկերակցությանը։ Ընկերակցության նախագահ Ջոն Դիլեյնին Իռլանդիայի Հանրային ռադիոյի հետ զրույցում հաստատեց, որ 5 միլիոն եվրոն ստացել են իր և ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ հանդիպումից հետո։

«Մենք համաձայնության եկանք, դա հինգշաբթի էր, իսկ երկուշաբթի համաձայնագիրը ստորագրվեց, որը շատ լավ համաձայնագիր է Իռլանդիայի ֆուտբոլի ընկերակցության համար և շատ օրինական», - ասել է Ջոն Դիլեյնին՝ նշելով, որ անձնավորությունների վերաբերող հարցերում ինքը պարտավոր է գաղտնապահություն պահպանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG