Մատչելիության հղումներ

Սպանված փոխոստիկանապետի հայրը շարունակում է պնդել, որ գործը կոծկել են


Որպես ապացույց Պետրոս Մհերյանը մատնանշում է օրերս իր հրապարակած տեսանյութը:

Վեց տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը պնդում է, որ իրավապահներն ի սկզբանե փորձել են կոծկել գործը:

Որպես ապացույց նա մատնանշում է օրերս իր հրապարակած տեսանյութը․ - «Էնտեղ պարզ երևում ա, ոնց ա Իգիթյանի ախպերը ասում՝ եղել եմ ոստիկանապետի մոտ, բոլոր գարանտիաները տալիս ա, բարձր մակարդակով է էս գործը շինվում․․․ Պարզ խոսվում ա: Թող մի հատ նայի ու տենա ինչ գարանտիեք ա տալիս Իգիթյաններին․․․ Իգիթյանի ախպերը, ում վրա փորձում էին կոտրել․․․ Դե հիմա ասեմ ես եմ, բա ո՞վ կբացատրի ոնց եմ արել էդ սպանությունը․․․ Ասում ա էն մարդկանց, որ այդ գործով զբաղվում էին ու գործը ուզում էին բացահայտել: Ու այդ մարդիկ չեն հասկանում, հա՞, որ սա չի սպանողը, սրա վրա գործը սարքում են»:

Մհերյանի սպանության ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը չի ժխտում, որ գործի քննության ժամանակ առաջ է քաշվել նաև սպանությանը Իգիթյանների առնչության վարկածը:

Միևնույն ժամանակ Սարգսյանը հերքում է Իգիթյանների վրա սպանությունը բարդելու մեղադրանքները․ - «Ստուգվել են փաստերը, համադրվել են, թե նրանք այդ օրը ուր են եղել, ինչով են զբաղվել․․․ Բոլորին հայտնի ա, որ նրանք ինչ-որ մի գործով առնչվել են, լուրջ գործով: Մհերյանը և Իգիթյանները: Ինչի՞ մասին է խոսքը․․․ հո ես Իգիթյանների թշնամին չեմ եղել, որ իրենց հետ կապված ինչ-որ բան սարքեմ: Կամ հնարավոր է, որ ասել ենք՝ թող պատմեն, ճիշտը պատմեն ոնց ա, կօգնենք: Էդ ցանկացած հանցագործության բացահայտման հետ կապված այդ նախադասությունը ցանկացած տեղ կարող ա ասվի: Բայց ի՞նչ ասել ա՝ սարքել․․․ Պարտավորեցնեմ, որ իրենք ասեն՝ մենք ենք արե՞լ: Ո՞նց կարելի է այդպես մտածել, թե ոստիկանապետն ասել ա՝ պատմի, կօգնեմ, նշանակում է ինքը սարքել ա»:

Պետրոս Մհերյանն ասում է, որ հաստատ չգիտի, թե որքանով են Իգիթյաններն առնչվում իր որդու սպանությանը․ - «Ես չեմ բացառում, որ իրենք ինչ-որ մի մասնիկով կան այս գործում: Եթե կասկածում էին, բա փաստերն ո՞ւր են, ինչո՞ւ էին գործը սարքում էդ մարդու գլխին»:

Գրիգոր Իգիթյանը, ով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պնդմամբ, հարցաքննվել է փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով, չցանկացավ այդ հարցի շուրջ զրուցել «Ազատության» հետ։

Ազգային անվտանգության ծառայությունից այսօր հաստատեցին, որ վեց տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործի նյութերով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ մարտին հարուցված նոր քրեական գործն իրենց վարույթում է։

Գերատեսչությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին, որ նոր քրեական գործով ոստիկանության ներկա ու նախկին պաշտոնյաներ են հարցաքննվել։

«Նախաքննության շրջանակներում մանրամասներ չենք հրապարակում», - ասացին ԱԱԾ-ից։

XS
SM
MD
LG