Մատչելիության հղումներ

20 համայնքներից 17-ում ՀՀԿ-ի թեկնածուներն են հաղթել


20 համայնքներից 17-ում ՀՀԿ-ի թեկնածուներն են հաղթել
please wait

No media source currently available

0:00 0:01:51 0:00

Գեղարքունիքի մարզի Վարագավան գյուղը միակն է, որտեղ գործող հանրապետական գյուղապետին պարտության է մատնել անկուսակցական մրցակիցը։

Համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացրած 20 համայնքներից 17-ում Հանրապետական կուսակցության թեկնածուներն են հաղթել՝ հիմնականում գործող համայնքապետերը։ Ընդ որում, համայնքներից 9-ում միայն մեկ թեկնածու կար։ Նրանց հավանական մրցակիցները առաջադրվելուց անմիջապես հետո պայքարից դուրս էին եկել։

Գեղարքունիքի մարզի Վարագավան գյուղը միակն է, որտեղ գործող հանրապետական գյուղապետին պարտության է մատնել անկուսակցական մրցակիցը: 57-ամյա գյուղապետ Սամվել Մանուչարյանը նեղսրտած չէ։ Ասում է, թե ընտրողները 14 տարվա գյուղապետի փոխարեն նախընտրել են 26-ամյա երիտասարդին։

«Չէ, ես դրանից չեմ նեղվում, եթե ժողովուրդը գտնում է, որ երիտասարդը պետք է աշխատի, ինչ արած», - ասաց Մանուչարյանը։

Վարագավանում 37 ձայնի տարբերությամբ պարտություն կրած գյուղապետը շեշտում է, որ ընտրություններն արդար են անցել, կեղծումներ չեն եղել։ Չի էլ պատրաստվում բողոքարկել։

Ընտրված անկուսակցական թեկնածուն գործազուրկ է։ Ապրում է ծնողների հետ և անգամ աշխատանքային կենսագրություն չունի, բայց սահմանամերձ գյուղի բնակիչները նրա հետ հույսեր են կապել։

Գյուղական համայնքներից ամենաթեժ պայքարը եղել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում։ Այստեղ էլ առաջադրված 4 թեկնածուներից ձայների շատ փոքր տարբերությամբ հաղթել է գործող հանրապետական գյուղապետը։

Ոչ պակաս թեժ պայքարով են ընտրություններն անցել նաև Աղբերք գյուղում, որտեղ չորս թեկնածուներից երկուսը հանրապետական էին: Այս դեպքում էլ հաղթել է 2 մրցակից հանրապետականներից մեկը։ Նրանց դեմ պայքարում էր գյուղի միջնակարգ դպրոցի կին տնօրենը։ Գործող գյուղապետ Սպարտակ Սարիբեկյանը, որ մեկուկես տարի պաշտոնակատարի պարտականություններ է կատարել, չէր առաջադրվել։ «Կիրթ աղջիկ էր, բայց էն մեկն էլ հեղինակություն ունի, բայց կիրթ չի, գրագետ չի, նա է անցել», - ասաց Սպարտակ Սարիբեկյանը։

Լոռու մարզի Ուռուտ գյուղում վերընտրվել է կոմունիստ գյուղապետը, իսկ Արարատի մարզի Մրգանուշ համայնքում՝ դաշնակցական գյուղապետը կշարունակի իր պաշտոնավարությունը։ Նրանք վերընտրվել են առանց մրցակցության։

Ինչ վերաբերում է քաղաքներին, ապա, թե՛ Աբովյանում, թե՛ Արտաշատում և թե՛ Ալավերդիում գործող քաղաքապետերը թեկնածություն չէին առաջադրել։ Եթե Ալավերդիում և Աբովյանում մրցակցություն կար, ապա Արտաշատում, վարչապետի որդի Արգամ Աբրահամյանի հաղթանակը կասկած չէր հարուցում:

Ինքնաբացարկներ ընտրություններից երկու օր առաջ

Ուշագրավ է, որ Արտաշատի 12 տեղամասային ընտրական հանձնաժողովների 96 անդամների գրեթե կեսը քվեարկությունից ընդամենը երկու օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել։ Ընտրատեղամասերից երկուսում հրաժարական էին տվել հանձնաժողովի բոլոր ութ անդամները՝ առանց պատճառաբանելու իրենց այդ քայլը: Նրանց փոխարեն նոր անդամներ է նշանակել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ իր հայեցողությամբ, ինչն օրենքի պահանջ է։

Հայ ազգային կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, ով անձամբ է կոորդինացրել իրենց կուսակցականների ներկայությունը տեղամասային հանձնաժողովներում, տեղյակ չէր, որ աշխատանքից հրաժարվող չորս կուսակից է ունեցել։ Ասաց, որ մեր հրապարակումից հետո որոշել են նրանց հրավիրել Երևան՝ հարցը քննարկելու համար։

«Ժառանգության» և «Դաշնակցության» հանձնաժողովական անդամներն էլ ինքնաբացարկ են տվել «անձնական դրդապատճառներից» ելնելով՝ համենայնդեպս, «Ազատության» հետ զրույցում այդպես էին պնդում կուսակցությունների ներկայացուցիչները:

Մասնավորապես, «Ժառանգության» Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Մայիս Միքայելյանը, ով նաև Արտաշատի տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահն է, պնդեց, թե իր կուսակիցները ընտրական գործարքների մեջ չեն մտել և որևէ միտում չեն ունեցել։

«Մենք այդ խաղերին հաստատ չենք մասնակցում, տրամաբանություն էլ չկա դրա մեջ, անկեղծ եմ ասում, մի թեկնածու է և ժողովուրդն այս անգամ ինքն էր կամովի գալիս, ընտրում, շատ ակտիվ, ո՛չ նախագահականին է տենց ակտիվություն եղել, ո՛չ պառլամենտականին, ես տենց ակտիվություն չէի տեսել», - ասաց Միքայելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG