Մատչելիության հղումներ

Արգիշտի Կիվիրյանը դատապարտվեց տուգանքի


Միաժամանակ կիրառելով համաներում՝ դատարանը Կիվիրյանին ազատեց պատժից:

Արգիշտի Կիվիրյանը մեղավոր ճանաչվեց ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու քրեական գործով, հոդվածը նախատեսում էր նաև մինչև հինգ տարվա ազատազրկում: Դատարանի վճռով, սակայն, ակտիվիստը դատապարտվեց միայն չորս հարյուր հազար դրամ տուգանքի:

Միաժամանակ կիրառելով համաներում՝ դատարանը Կիվիրյանին ազատեց պատժից:

Երկու տարի առաջ ամռանը ակտիվիստը միացել էր Կոմիտաս 5 շենքի բնակիչների պայքարին՝ ընդդեմ բազմահարկ շենքի կառուցմանը, մարդիկ արևի լույսից էին զրկվում:

Ոստիկաններից մեկը պնդում է, որ բողոքի ակցիայից բերման ենթարկվելիս Արգիշտի Կիվիրյանը բռունցքով հարվածել է իրեն, կծել: Մինչև ամբաստանյալի աթոռին հայտնվելը, սակայն, Կիվիրյանն ինքն էր հանցագործության մասին հաղորդում տվել, թե բաժին տանելիս ոստիկանական մեքենայի մեջ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել․ - «Լինելով ինքս փաստաբան, հոյակապ իմանալով համակարգը, ակնհայտ է, որ ես գիտեի, որ ոստիկանությունը այդ պարագայում ընդամենը գործ է սարքում իմ դեմ, և ես կբացառեի իմ կողմից որևէ նման գործողությունը»:

Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը փոխանցեց, որ բողոքարկելու են վճիռը, սակայն, արդարացման հույս չունեն նաև մյուս՝ վերաքննիչ և վճռաբեկ ատյաններից, պարզապես սպառում են ներպետական ատյանները՝ բողոքը Եվրոպական դատարան տանելու համար․ - «Չկա անկախ դատական համակարգ, և չկա այդպիսի դատավոր, որը Արգիշտի Կիվիրյանի գործով կկարողանար արդարացման դատական ակտ կայացնել, որովհետև Արգիշտի Կիվիրյանը չի ընդունել ոչ մեկի առաջարկը՝ խելոք մնալ և դուրս չգալ իշխանությունների դեմ»:

Սահակյանի համոզմամբ՝ շինծու այս գործով փորձ արվեց ոստիկանական բռնությունները կոծկել, մեղքը բարդել Կիվիրյանի վրա:

«Տեսանյութեր գոյություն ունեն, որտեղ հստակ երևում է, որ հարվածում են Արգիշտի Կիվիրյանին: Քաղաքական պատվերը այնքան խորացած է, որ նույնիսկ իմանալով հանդերձ, որ միևնույն է համաներում են կիրառելու, նրանք գնացին մեղադրական դատական ակտի», - փաստարկեց նա:

Մեղադրող դատախազ Արթուր Երիցյանը, որ մեկ տարվա ազատազրկում էր պահանջել, դժգոհ չէր այսօրվա վճռից․ - «Այլընտրանքային պատժամիջոց էր նախատեսում հոդվածը, այլընտրանքային պատժամիջոցն է կիրառել»:

Նրա կարծիքով, դատարանում ապացուցվեց, որ Կիվիրյանը բռնության էր ենթարկել ոստիկանին․ - «Միանշանակ: Դրա համար էլ մեղադրական դատական ակտ կայացվեց: Հակառակ դեպքում արդարացման կկայացվեր․․․ Որևէ քաղաքական հետապնդում չի եղել, ընդհանրապես կեղծ ցուցմունք չի եղել և ոչ մի կեղծ վկա չի եղել: Բոլորը օրինական և օրինաչափ է եղել»:

Այս գործով դատական նիստերից մեկում էր վկան կերել սեփական բջջային հեռախոսի քարտը՝ միայն թե համարը չտրամադրի Կիվիրյանի փաստաբանին: Դատախազն արդարացրեց․ - «Մարդը անելանալի վիճակում էր, երևի այդ տարբերակը նախընտրեց: Քարտը կուլ չի տվել նա: Նա դրեց բերանը, հետո հանեց»:

Սա արդեն Կիվիրյանի դեմ հարուցված 10-րդ դատական գործն է, գրեթե ամեն օր ակտիվիստը ստիպված է մասնակցել որևէ նիստի: Այդ կապակցությամբ նա ասաց․ - «Իշխանությունները ոստիկանության, դատախազության, դատարանների միջոցով փորձում են խոչընդոտել իմ հասարակական գործունեությունը: Որպեսզի Արգիշտի Կիվիրյանը առավելագույն ժամանակ զբաղված լինի դատարաններում իր իրավունքների պաշտպանությամբ»:

XS
SM
MD
LG