Մատչելիության հղումներ

Գյուղապետի խոսքով, անտառաշենցիների թիվը տարեցտարի նվազում է


Գյուղապետ Ռաֆիկ Խառատյանն ասում է, որ 200-ից ավելի բնակիչ ունեցող գյուղում ո՛չ աշխատանք կա, ո՛չ դպրոց, ո՛չ էլ մանկապարտեզ։

Լոռու մարզի Անտառաշեն գյուղի 9-ամյա բնակիչ Էդուարդը կարոտով է հիշում քաղաքի իր առօրյան, երբ դպրոցից հետո գնում էր անգլերենի, հետո շախմատի, լողի, նկարչության և կարատեի: Վանաձորից 17 կիլոմետր հեռու գտնվող գյուղում Էդուարդի օրը միանգամայն այլ կերպ է անցնում:

«Դաս եմ անում, գոմին եմ հետևում, խոտ եմ լցնում գոմը, փայտ եմ ջարդում, էլ բան չեմ անում», - «Ազատության»-ը պատմեց Էդուարդը։

Տղայի ընտանիքը մեկ տարի առաջ է Վանաձորից Անտառաշեն տեղափոխվել: Էդուարդը չի հարմարվում գյուղի պայմաններին, ասում է՝ քաղաքի նման չէ: «Կարուսելներ, ֆուտբոլի դաշտ, խանութներ շատ լինեին, այստեղ խանութ ունենք, բայց քիչ բան է», - ասաց Էդուարդը։

Փոքրիկը ստիպված է երեք կիլոմետր ոտքով կամ էլ հեծանիվով անցնել հարևան Լերմոնտովո գյուղից իր սիրած քաղցրավենիքը գնելու համար: Էդուարդի հայրը՝ Սարգիս Բեկչյանը «Ազատության» հետ զրույցում ասում է՝ երեխաների ապագան գյուղում չի տեսնում, ամեն ինչ անելու է կրկին քաղաք տեղափոխվելու համար:

«Ոչ մի բան չկա, ինչի՞ համար մնանք, սաղ ամառ ի՞նչ պետք է անենք, զբաղմունք չկա՝ ոչ պարապմունք կա... ոչինչ չկա», - ասաց Բեկչյանը։

200-ից ավելի բնակիչ ունեցող գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ տրանսպորտ, անգամ դպրոց ու մանկապարտեզ չկա. անտառաշենցիներն իրենք իրենց հաճախ են համեմատում անմարդաբնակ կղզի ընկած Ռոբինզոն Կրուզոյի հետ:

Ի տաբերություն երեխաների, տարեցները օրը հետաքրքիր անցկացնելու մասին վաղուց չեն էլ մտածում, շատ ավելի հրատապ խնդիրներ ունեն. թոշակը ստանալուն պես ստիպված են մեկ ամսվա առևտուր անել, այլապես պիտի խանութ գնալու համար երկու, երեք կիլոմետր ոտքով քայլեն, հետո էլ տոպրակները սայլակով գյուղից-գյուղ բերեն:​

Անտառաշենում 25 դպրոցական կա, բոլորն էլ, ստիպված, հարևան Լերմոնտովո գյուղի դպրոցն են հաճախում:

Գյուղապետ Ռաֆիկ Խառատյանը հպարտությամբ նշում է, որ իր ընտրվելուց հետո շուրջ մեկ տարի է՝ երեխաներին դպրոց փոխադրող ավտոբուս է հատկացրել, ձմռանն էլ, առատ տեղումների ժամանակ, ճանապարհներն է մաքրում: «Սրանից բացի այլ բան գյուղի համար հնարավոր չէ անել», - ասաց գյուղապետը՝ ընդգծելով, որ գյուղապետարանի բյուջեն ընդամենը 3.5 միլիոն դրամ է, ինչը հազիվ հինգ աշխատակիցների աշխատավարձին է բավականացնում: Խառատյանը խոստովանում է՝ այսպիսի պայմաններում գյուղում բնակվողների թիվը տարեցտարի նվազում է:

«Այսինքն՝ էս գյուղում ոչ մի աշխատանքի, ոչ մի բան չկա, ներկա դրությամբ գյուղում, եթե 60 հոգի է, հալալ կեսը գնացել են, հիմնականում տղամարդիկ, կանայք են մնացել, մի կերպ հողով զբաղվում են, որ մի կերպ կարողանան իրանց գոյությունը պահպանեն», - ասաց գյուղապետը։

Մարզային իշխանություններն էլ իրենց հերթին ասում են, թե դպրոց ու մանկապարտեզ կառուցելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Անտառաշենի նման փոքր գյուղերում դրանց վրա գումար ծախսելը իշխանությունները դեռ նպատակահարմար չեն համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG