Մատչելիության հղումներ

Վահագն Գևորգյան․ «Աբովյան քաղաքում ինձ համար յուրայիններ և թշնամիներ չկան»


Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 7-ը հունիսի, 2015թ․

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 7-ը հունիսի, 2015թ․

Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 32 համայնքներում։

Թերևս ամենաթեժ ընտրապայքարը ծավալվել էր Աբովյանում: Այստեղ քաղաքապետի պաշտոնին հավակնում էր 5 թեկնածու, սակայն հիմնական պայքարը ծավալվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի ներկա ու նախկին դաշնակիցների միջև:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով հաղթել է Ծառուկյանի մերձավոր, ԲՀԿ-ի և իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող, անկուսակցական Վահագն Գևորգյանը՝ ստանալով ձայների շուրջ 60 տոկոսը կամ 11 հազար 227 քվե:

Նրա հիմնական մրցակիցը՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը, որը լարված հարաբերությունների մեջ է Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող Ծառուկյանի հետ, ստացել է ավելի քան կրկնակի պակաս թվով ձայներ՝ 5 հազար 459 քվե:

Առաջադրված մյուս երեք թեկնածուների՝ նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի, 28-ամյա աբովյանցի գործարար Էդվին Թադևոսյանի և առաջադրման վերջին օրը ցուցակում հայտնված Արթուր Գեղամի Հարությունյանի օգտին տրված քվեների թիվը չի գերազանցել ձայների 3 տոկոսը:

Դեռ մինչև արդյունքների հրապարակումը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վահագն Գևորգյանը իր թիմակիցներին շնորհակալություն էր հայտնել «ընտրություններին իրենց ակտիվ մասնակցության համար»:

Արձագանքելով «Ազատության» դիտարկմանը, թե մրցակիցները, մասնավորապես՝ Արթուր Հարությունյանը, պնդում են, որ Գևորգյանի թիմակիցները աչքի են ընկել ընտրախախտումներով, մեքենաներով մարդիկ են տարվել տեղամասեր, ընտրողներին ուղղորդել են, հաղթող թեկնածուն պատասխանեց․ - «Ես այդպիսի բան չեմ լսել»:

Գևորգյանը ի սկզբանե վստահ էր, որ ընտրվելու է: Մեկնաբանելով իր այդ վստահության պատճառները, նա, մասնավորապես, նշեց․ - «Ես ասել եմ, որ ունենք լավ թիմակիցներ և բազմահազար համակիրներ»:

Ինչ վերաբերում է իր հաղթանակն ապահովելու հարցում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի դերին, Գևորգյանը, մասնավորապես, ասաց․ - «Ինձ համար թանկ է եղել յուրաքանչյուր աբովյանցու քվեն: Բոլոր քաղաքական ուժերի հետ ես պատրաստ եմ ունենալ գործընկերային, լավ հարաբերություններ»:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ինքը հանդիսանում է «Գագիկ Ծառուկյանի թեկնածուն», Գևորգյանը նշեց․ - «Ես բազմիցս ասել եմ, որ դա եղել է բացառապես իմ որոշումը, Ծառուկյանն էլ, իմանալով, ուղղակի իր հավանությունն է տվել: Իսկ Ծառուկյանի աջակցությունը ինձ եղել է միայն բարոյական, ինչի համար ես շնորհակալ եմ»:

Հարցին, թե ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը հսկողություն սահմանում ընտրատեղամասերի մոտ, Գևորգյանը պատասխանեց․ - «Որովհետև նա իմ ընկերն է՝ աբովյանցի, որը որ նաև ընտրող է Աբովյան քաղաքում: Ինչո՞ւ եք կենտրոնացել միայն Էդիկի վրա»:

Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում արդյոք չի՞ պատրաստվում ճնշումներ իրականացնել մրցակցի՝ Արթուր Հարությունյանի և վերջինիս բիզնեսների նկատմամբ, Գևորգյանը պատասխանեց․ - «Ես լինելու եմ բոլորի քաղաքապետը: Աբովյան քաղաքում ինձ համար յուրայիններ և թշնամիներ չկան: Ես Աբովյանը դիտում եմ որպես մեկ միասնական ընտանիք»:

«Ազատության» հետ զրույցում Արթուր Հարությունյանը ավելի վաղ ասել էր, որ ինքը պայքարում է միայն Գագիկ Ծառուկյանի շքախմբի դեմ և հայտարարել էր, թե ընտրություններում այլ թեկնածու չկա, միայն ինքն է և Գագիկ Ծառուկյանի շքախումբը: Երեկ և այսօր մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG