Մատչելիության հղումներ

Արգամ Աբրահամյան. «Կուզեի մրցակցություն լիներ»


Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածուն վստահեցնում է, որ պայքարից դուրս գալու՝ արդեն նախկին մրցակիցների որոշման հարցում իրենք չեն միջամտել։

Արտաշատում վարչապետի որդին առանց մրցակցի է մասնակցում քաղաքապետի ընտրություններին։ Քվեաթերթիկի վրա միայն նրա՝ Արգամ Աբրահամյանի անունն է, ընտրողին կողմ կամ դեմ քվեարկելու հնարավորություն է տրված։

Չնայած ընտրություններում մրցակցություն չկա, Արտաշատի հրապարակում, որտեղ տեղակայված են իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակն ու Աբրահամյանի նախընտրական շտաբը, պետական և անհատական, հիմնականում՝ 5-երով, 7-երով ու 8-երով «գոլդ» համարանիշեր ունեցող տասնյակ շքեղ ավտոմեքենաների առկայությունը պայքարի տպավորություն էր ստեղծում։ Տասնյակ երիտասարդներ շարքերով մոտենում էին Հանրապետականի գրասենյակին, խմբերով ներս մտնում, որտեղ նաև թեկնածուն էր։ Մուտքի դուռը ներսից կողպվում էր։ Քիչ անց երիտասարդները նորից դուրս էին գալիս։ Խմբերը ժամանակ առ ժամանակ շքեղ ավտոմեքենաներով հեռանում էին տարածքից, հետո դարձյալ հայտնվում Հանրապետականի գրասենյակի մատույցներում։ «Ազատության» հարցերին չէին պատասխանում։ Քաղաքապետի թեկնածուի օգնականն ասաց, թե իրենց ընկերներն են։

Վարչապետը «չի միջամտել»

Թիկունքում ունենալով մի մեծ շքախումբ՝ քաղաքապետի միակ թեկնածուն, ով ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափում էր «Ազատության» հետ հանդիպումից, այսօր համաձայնեց կարճատև հարցազրույց տալ՝ պայմանով, որ ընտրություններից դուրս հարցերի չի պատասխանի։ Դարձյալ պնդեց, թե իր վարչապետ հայրը չի միջամտել այս ընտրություններին և չի միջամտելու նաև քաղաքապետի իր գործունեությանը. - «Ինքը ընդհանրապես չի միջամտել և չի միջամտելու մեր աշխատանքներին»:

«Կարծում եք՝ վարչապետ հայր ունենալու ֆակտորը չկա՞ր, որ Դուք մնացիք միակ թեկնածուն», - այս հարցին Արգամ Աբրահամյանը պատասխանեց. - «Դե ֆակտորը միանշանակ կար, որ ինքը արդեն վարչապետ է՝ դա ֆակտոր է, բայց մենք ոչ մեկին ոչ, չգիտեմ, չենք միջնորդել, այսինքն՝ չենք խնդրել, չենք ասել։ Կոնկրետ ինձ համար վատ է, ես կուզեի մրցակցություն լիներ, ես երբեք չեմ խուսափել մրցակցությունից։ Բայց կարծում եմ՝ իմ մեղքի բաժինը չկա, դա իմ մրցակիցների որոշումն է, ես հարգում եմ իրենց որոշումը, մենք շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք, այնպես որ՝ ես խնդիր չեմ տեսնում։ Մենք ոչ մի ձև չենք միջամտել, այսինքն՝ որ ես մնամ միայն մեկ թեկնածու»։

Արգամ Աբրահամյանը շեշտեց, որ իր առաջադրումը ոչ թե վարչապետ հոր, այլ իր ու ընկերների որոշումն է. - «Ես ասել եմ, որ իմ ժողովրդի կարծիքն է դա, իմ շրջապատի, իմ ընկերների, իմ դասընկերների, և տեսնելով, որ կարող եմ օգտակար լինել իմ քաղաքին, մեր քաղաքին՝ դրա համար առաջադրվել եմ»։

Ընտրատեղամասերում պասիվություն էր

Թեև Արտաշատի կենտրոնում եռուզեռ էր, ընտրատեղամասերում ակնհայտ պասիվություն էր։ «Ազատության» հետ զրույցում հանձնաժողովականները պնդում էին, թե ակտիվությունը մարեց հենց այն պահին, երբ մենք այցելեցինք տեղամաս։ Դիտորդներ Արտաշատում չեն գրանցվել ու չեն երևացել։ Վստահված անձինք էլ տեղամասերում առանձնապես անելիք չունեին։

Թիվ 17/4 ընտրատեղամասում Աբրահամյանի վստահված անձ Գեղամ Վիրաբյանը դրսում անվրդով նստել էր։ «Դե բնական է, որ մրցակից չկա՝ ավելի հանգիստ է», - նշեց նա։

Անվրդով էին նաև թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում։ Սեղանին սնունդ, ափսեներով արևածաղկի սերմ էր դրված։

Արտաշատի 12 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների 96 անդամների գրեթե կեսը քվեարկությունից ընդամենը երկու օր առաջ ինքնաբացարկ է հայտնել։ Անգամ երկու ընտրատեղամասերում հանձնաժողովի բոլոր 8 անդամներն են հրաժարվելու դիմում գրել՝ առանց պատճառաբանության։ Նրանց փոխարեն նոր անդամներ է նշանակել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ իր հայեցողությամբ. դա Ընտրական օրենսգրքի պահանջն է։ Համայնքապետի ընտրություններ անցկացնող ոչ մի այլ համայնքում նման բան չի եղել։

Նշենք, որ քվեարկության էին եկել հիմնականում վարչապետի որդու հետ հույսեր կապող ընտրողները։

Արտաշատցի ընտրող Հովսեփ Մակարյանը թեկնածուին գիտի որպես խելացի ու համեստ անձնավորություն։ Ասում է՝ Մխչյան գյուղում է տեսել՝ հեռվից։ «Ես համոզված եմ, որ նա գրագետ, խելոք տղա է։ Ես անձամբ տեսել եմ Մխչյանում։ Չեմ առնչվել, բայց հեռվից տեսել եմ, նկատել եմ։ Ես հեռվից նկատել եմ նրան, համոզվեցի, որ համեստ, խելոք երեխա է», - ասաց Մակարյանը։

«Սպորտսմեն, ո՛չ խմող է, ո՛չ ծխող է, լավ երիտասարդ է», - ասաց մեկ այլ ընտրող։

«Էս երկիրը մի քանի հոգիների երկիր է»

Իսկ տեղամասերից հեռու արտաշատցիների մի մասը կամ ասում էին, թե չեն գնա ընտրությունների և խուսափում էին հարցազրույցից, կամ էլ հուսահատ էին ու պնդում էին, որ ընտրողներն այս անգամ էլ խաղից դուրս վիճակում են։

«Է, 70-ական թվերից էս ձև եղել է, էս ձև էլ գնալու է։ Ոնց ուզում են՝ նենց անում են, ոնց ուզում են։ Մի քանի հոգիներ, մի քանի հոգիներ՝ էս երկիրը մի քանի հոգիների երկիր է, բոլորս էլ գիտենք», - ասաց մի արտաշատցի։

Ընտրատեղամասերը փակելուց մի քանի ժամ առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել էին ընտրողների մոտ 35 տոկոսը։

Հիշեցնենք, Արգամ Աբրահամյանի դեմ առաջադրվել էին երկու թեկնածուներ, ովքեր, սակայն, քարոզարշավի մեկնարկին դուրս եկան պայքարից։ Թեկնածությունը չէր առաջադրել նաև գործող քաղաքապետը։

XS
SM
MD
LG