Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ԵԱՀԿ-ին 1 ամիս ժամանակ է տվել գրասենյակը փակելու համար


Բաքվի համայնապատկեր, արխիվ
Բաքվի համայնապատկեր, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի գործունեությունը դադարեցնելու պահանջով դիվանագիտական նոտան ԵԱՀԿ-ի Վիեննայի կենտրոնակայան ուղարկեց նախորդ աշխատանքային շաբաթվա ավարտին` ուրբաթ օրը երեկոյան:

«Պաշտոնական Բաքուն մեկ ամիս ժամանակ է տրամադրել ԵԱՀԿ-ին` Ադրբեջանի մայրաքաղաքում աշխատանքն ավարտելու համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց կազմակերպության մամուլի քարտուղար Շիվ Շարման` հավելելով, որ ադրբեջանական իշխանությունները որևէ կերպ չեն պատճառաբանել իրենց այս քայլը: - «Կառավարությունը մեզ պարզապես տեղեկացրել է ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գրասենյակը փակելու իր մտադրության մասին: Այժմ ԵԱՀԿ-ն քննարկում է հետագա անելիքները», - նշեց կազմակերպության խոսնակը:

Վերջին երկու տարիներին պաշտոնական Բաքվի և ԵԱՀԿ-ի հարաբերությունները աստիճանաբար վատթարանում էին: Դեռ 2014 թվականի հունվարին, Ադրբեջանի իշխանությունների ճնշմամբ, ԵԱՀԿ-ն ստիպված եղավ իջեցնել Բաքվում ներկայության իր մակարդակը: Եթե նախկինում կազմակերպության տեղական գրասենյակը գործում էր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող մշտական ներկայացուցչի ղեկավարության ներքո, ապա վերջին մեկուկես տարիներին գրասենյակի գործունեությունը ղեկավարում էր ծրագրերի համակարգողը: Այդ պաշտոնը զբաղեցնում էր ադրբեջանական ծագում ունեցող ֆրանսիացի դիվանագետ Ալեքսիս Շահթաթինսկին, ով ԵԱՀԿ-ի կողմից պաշտոնանկ արվեց մոտ մեկ շաբաթ առաջ: Վիեննայում պնդում էին, որ նրա պաշտոնանկության մեջ որևէ արտառոց բան չկա, պարզապես ավարտվել է Շահթաթինսկու աշխատանքային պայմանագրի ժամկետը: Ադրբեջանի իշխանությունները, սակայն պնդում էին, որ Շահթաթինսկու պաշտոնից հեռացման պատճառը նրա լավ հարաբերություններն էին ադրբեջանական իշխանությունների, մասնավորաբար՝ նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այդուհանդերձ, թեև Ադրբեջանի իշխանություններին հաջողվել էր կառուցողական հարաբերություններ ստեղծել Բաքվի գրասենյակի համակարգողի հետ` Վիեննայի կենտրոնակայանից Իլհամ Ալիևին և նրա շրջապատին չէին դադարում քննադատել: Այս առումով առավել կոշտ դիրքորոշում է որդեգրել մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ով օրեր առաջ` «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում, հայտարարում էր․ - «Ադրբեջանում մեկը մյուսի հետևից լրագրողների են ձերբակալում: Նման պետությունների հետ ընդհանրապես պետք չէ համագործակցել»:

ԵԱՀԿ-ի գրասենյակի փակմանը հավելյալ սկանդալային բնույթ է հաղորդում այն իրողությունը, որ դա տեղի է ունենում կազմակերպության գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի՝ Բաքու կատարած այցից ընդամենը չորս օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG